360 դիտում, 9 ամիս առաջ - 2026-01-27 13:07
Քաղաքական խաղադաշտ

Արարատ Միրզոյանը և Մաթիաս Գիյոմարը մտքեր են փոխանակել ՄԻԵԴ վճիռների կատարման մասին

Արարատ Միրզոյանը և Մաթիաս Գիյոմարը մտքեր են փոխանակել ՄԻԵԴ վճիռների կատարման մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մաթիաս Գիյոմարի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԻԵԴ-ի միջև փոխգործակցության, իրավունքի գերակայության ապահովման, անկախ արդարադատության խթանման հարցերի շուրջ։ Երկուստեք գոհունակությամբ նշվել է Դատարանի հետ տարբեր մակարդակներում ակտիվ ներգրավածությունը։
 
Արարատ Միրզոյանը և Մաթիաս Գիյոմարն անդրադարձ են կատարել ՄԻԵԴ վճիռների կատարմանը։ Նախարար Միրզոյանը նշել է վճիռների կատարման և վերահսկողության փակման հարցում Հայաստանի գրանցած բարձր ցուցանիշը՝ ընդգծելով ժողովրդավարական սկզբունքների և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում շարունակական բարեփոխումների գործում ՀՀ վճռականությունը։
 
«Հայաստանը կանգնած է Դատարանի, առաջին հերթին դրա գործունեության հիմքում դրված սկզբունքների ու արժեքների կողքին, և մեծապես կարևորում է ՄԻԵԴ-ի հետ համագործակցությունը՝ ի շահ ՀՀ քաղաքացիների ժողովրդավարության օրակարգի առաջմղման գործում»,- ընդգծել է նախարար Միրզոյանը։