288 դիտում, 7 ամիս առաջ - 2026-01-30 12:24
Քաղաքական խաղադաշտ

Ոստիկանապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ

Ոստիկանապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ
ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հունվարի 29-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
 
Անդրադառնալով աշխատանքի կազմակերպմանը՝ Կամո Ցուցուլյանը կարևորել է ստորաբաժանումների պատասխանատվության գոտիների վերլուծությունն ու խնդիրների գույքագրումը։ Ըստ նրա՝ աշխատանքի արդյունավետությունը պայմանավորված է յուրաքանչյուր տարածքի առանձնահատկություններից բխող թիրախային միջոցառումների իրականացմամբ ու Ոստիկանության հենասյունային մյուս ուղղությունների հետ սերտ համագործակցությամբ:
 
Ոստիկանության պետը հանձնարարել է հակաօրինական ցանկացած դրսևորման դեմ ծավալել անաչառ ու հետևողական պայքար՝ նշելով, որ յուրաքանչյուր ստորաբաժանման ղեկավար պետք է ցուցաբերի վճռականություն և պատասխանատվություն՝ իր վարքագծով ձևավորելով ոստիկանի օրինակելի կերպար։
 
Կամո Ցուցուլյանը հրահանգել է ակտիվացնել հրազենի գործադրմամբ հանցագործությունների կանխման ու բացահայտման, ինչպես նաև հետախուզվող անձանց հայտնաբերման ուղղությամբ միջոցառումները, կատարելագործել ընտանեկան բռնության և անչափահասների կողմից կամ նրանց նկատմամբ կատարվող իրավախախտումների կանխարգելման գործիքակազմերը:
 
Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ Կարեն Հակոբյանը, ամփոփ ներկայացնելով ընթացիկ աշխատանքները, վստահեցրել է, որ վարչության և տարածքային ստորաբաժանումների ողջ ռեսուրսը կուղղվի նախանշված առաջնահերթությունների իրագործմանն ու բացթողումների շտկմանը:
 
Քննարկվել են նաև կարգապահական, մասնագիտական պատրաստվածության և ծառայողական բնույթի այլ հարցեր։