309 դիտում, 8 ամիս առաջ - 2026-02-09 10:26
Քաղաքական խաղադաշտ

Փաշինյանն ու Ալիևը պլանավորում են մեկնել Վաշինգտոն՝ Թրամփի խաղաղության խորհրդի գագաթնաժողովին մասնակցելու համար.ԶԼՄ

Փաշինյանն ու Ալիևը պլանավորում են մեկնել Վաշինգտոն՝ Թրամփի խաղաղության խորհրդի գագաթնաժողովին մասնակցելու համար.ԶԼՄ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմեկնեն Վաշինգտոն՝ Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդի» գագաթնաժողովին մասնակցելու համար։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ-ում բնակվող ադրբեջանցի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն։

«Ըստ աղբյուրների տվյալների՝ փոխնախագահ Վենսի՝ Հարավային Կովկաս կատարած այցից հետո, Ադրբեջանի նախագահ Ալիևը և Հայաստանի վարչապետ Փաշինյանը ծրագրում են փետրվարի 19-ին այցելել Վաշինգտոն՝ Թրամփի «Խաղաղության խորհրդի» գագաթնաժողովին մասնակցելու համար», — նշել է նա։

Ավելի վաղ Axios պարբերականը, հղում անելով ամերիկացի պաշտոնյային և Խորհրդի անդամ չորս երկրների դիվանագետներին, հայտնել է, որ Սպիտակ տունը ծրագրում է փետրվարի 19-ին Գազայի հարցով «Խաղաղության խորհրդի» առաջնորդների հանդիպում անցկացնել: Ըստ հրապարակման տվյալների՝ ԱՄՆ վարչակազմը մտադիր է օգտագործել այս հանդիպումը՝ Գազայում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի իրականացմանն աջակցելու և տարածաշրջանի վերականգնման համար միջոցներ ներգրավելու նպատակով:

«Սա կլինի Խաղաղության խորհրդի առաջին նիստը և Գազայի վերականգնման համար միջոցների հայթայթմանն ուղղված համաժողովը», — հայտարարել է ամերիկացի պաշտոնյան:

Նշվում է, որ գագաթնաժողովի ծրագրերը դեռևս գտնվում են վաղ փուլում և կարող են փոփոխվել: Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանություններից: