ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը, մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ազատազրկման։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հրաչյա Մեխակյանի նախագահությամբ, Մկրտչյանին դատապարտել է ազատազրկման՝ մեկ տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով։ Մկրտչյանի վրա պարտականություն է դրվել՝վերահսկողության ընթացքում առանց պրոբացիայի ծառայության համաձայնության չլքել Հայաստանի Հանրապետության տարածքը, իսկ բնակության վայրը փոխելու դեպքում նոր բնակության վայրի հասցեն սեղմ ժամկետում հայտնել պրոբացիայի ծառայությանը:
«Իրեղեն ապացույց ճանաչված 1978 թվականի գործարանային արտադրության 9մմ տրամաչափի «Մակարով» տեսակի «BT 1346» համարի ատրճանակը և թվով 9 հատ գործարանային արտադրության 9մմ տրամաչափի ատրճանակային փամփուշտները վերադարձնել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն՝ թիվ 57204825 քրեական վարույթին կցելու և համատեղ ընթացքը լուծելու համար»,-նշված է դատավճռում։
Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ, այն է՝ ապօրինի զենք պահելը, թե ինչ ճակատագիր ունեցավ պայուսակում ենթադրաբար գտնվող թմրանյութի դրվագը՝ դեռևս պարզ չէ։
Հիշեցնենք, որ 2025թ․ սեպտեմբերի 3-ի երեկոյան Փարաքարում բերման է ենթարկվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը՝ թմրանյութի կասկածանքով։ Ըստ մամուլում շրջանառված տեղեկությունների՝ պարեկները կանգնեցրել են Mazzerati 01 WM 808 մեքենան, որի ղեկին եղել է Մկրտիչ Մկրտչյանը, վերջինս տղամարդու պայուսակը տվել է կողքի նստողին, որն անմիջապես իջել է ու դիմել փախուստի։ Նշվում է, որ պարեկները նրան հետապնդել են, իսկ փախուստի դիմած տղամարդը ճանապարհին ձեռքի պայուսակը շպրտել է։ Նարեկ Մկրտչյանի եղբոր տեղում խուզարկել են ու տեղափոխել բաժին։
Մամուլում բարձրացված աղմուկից հետո ՆԳՆ-ից հաստատեցին Մկրտչյանի ձերբակալությունը, սակայն պնդեցին, թե նրա մոտ ոչինչ չի հայտնաբերվել։
«Մեքենայի վարորդը նույն պահին ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ արգելված որևէ իր չի հայտնաբերվել։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Ձեռնարկվում են միջոցառումներ փախուստի դիմած անձին հայտնաբերելու ուղղությամբ»,- հայտնել էին ՆԳՆ-ից՝ հավելելով, որ կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
Այստեղից հետեւում է, որ ատրճանակն ու թմրանյութը գտնվել է պայուսակի մեջ, որը փախուստի դիմած անձը նետել է, իսկ պայուսակի պատկանելիության մասին տեղեկությունները հակասական են. ըստ մամուլի այն պատկանում է դեսպանի եղբորը, իսկ պաշտոնական մարմինները նրան «մաքուր» են ներկայացնում։ ՔԿ-ում քրեական վարույթ էր նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), 393-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի)։ Հարուցված վարույթը փաստում է, որ հայտնաբերված զենքը եղել է ապօրինի։
Մկրտչյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել միայն զենքի դրվագով։