423 դիտում, 7 ամիս առաջ - 2026-03-12 16:35
Քաղաքական խաղադաշտ

«Ալյանսը» հայտարարում է մահապատժի վերականգնման մասին, համաժողովին մասնակցել է նաև Դոն Պիպոն (Արթուր Ասատրյան)

«Ալյանսը» հայտարարում է մահապատժի վերականգնման մասին, համաժողովին մասնակցել է նաև Դոն Պիպոն (Արթուր Ասատրյան)

Երկուշաբթի աշխատանքային օրվա ավարտին կայացած հավաքի ընթացքում «Ալյանս» կուսակցության ներկայացուցիչները հանդես եկան կոշտ քաղաքական հայտարարություններով և ներկայացրին իրենց նախընտրական ծրագրի մի շարք առանցքային դրույթներ։ Կուսակցությունը հայտարարել է, որ իշխանության գալու դեպքում նպատակ ունի օրենքով վերականգնել Հայաստանում մահապատիժը՝ այն կիրառելով պետական դավաճանության, պետական մասշտաբի թալանի և այլ առանձնապես ծանր հանցագործությունների համար։

«Ալյանս» կուսակցությունը հիմնադրել է նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որը վերջին տարիներին աչքի է ընկնում կոշտ հակաիշխանական դիրքորոշմամբ։

Ուրիխանյանը բազմիցս քննադատել է նախկին իշխանություններին՝ հայտարարելով, որ հենց նախկիններն են Նիկոլ Փաշինյանին բերել իշխանության։ Միևնույն ժամանակ նա ներկայիս իշխանությունների նկատմամբ որդեգրել է կտրուկ ընդդիմադիր կեցվածք։

Համաժողովի ընթացքում ներկայացնելով կուսակցության ծրագրային դրույթները՝ Ուրիխանյանը շեշտադրել է ոչ միայն սոցիալական, իրավական և անվտանգային քաղաքականությունը, այլև իշխանությունների նկատմամբ պատասխանատվության հարցը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է իրավական գնահատական տալ այն իրադարձություններին, որոնք, ըստ նրա, հանգեցրել են «ֆեյք հեղափոխության», «սադրված պատերազմի», Արցախի հանձնման, ինչպես նաև Հայաստանի տարածքների զիջման։ Ուրիխանյանը նաև մեղադրել է գործող իշխանություններին շուրջ 8 միլիարդ դոլարի արտաքին պարտքի ոչ նպատակային ծախսման մեջ՝ խոստանալով իշխանության գալու դեպքում ապահովել «օրինական, բայց խիստ պատասխանատվություն» այդ գործընթացների համար։

Հատկանշական է, որ չնայած Ուրիխանյանը ներկայումս գտնվում է Հայաստանից դուրս և հետախուզվում է հակաիշխանական կոչերի հետ կապված գործով, կուսակցությունը շարունակում է ակտիվ գործունեությունը և պատրաստվում է մասնակցել առաջիկա ընտրություններին։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ նա կարողացել է պահպանել Հայաստանում մշտական բնակության կարգավիճակը՝ ուսանելով Մոսկվայի բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում։ Հայաստանի օրենսդրության համաձայն՝ նման հիմքով բացակայությունը կարող է համարվել հարգելի և չի խոչընդոտում ընտրական գործընթացներին մասնակցելուն։

Համաժողովի ընթացքում ուշադրություն է գրավել նաև այն հանգամանքը, որ միջոցառմանը ներկա է գտնվել Արթուր Ասատրյանը, որը հանրությանը հայտնի է «Դոն Պիպո» մականունով։ Նա ևս գտնվում է հետախուզման մեջ։