Ըստ Նիկոլ Փաշինյանի, երբ մարդն ասում է, որ ինքը Վանից է, դա ոչ թե հայրենասիրական մոտեցում է, այլ՝ կայսերական հայրենասիրության դրսևորում։
«Չեմ վարանի ասել՝ դա ստալինյան հայրենասիրության դրսևորում է»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Փաշինյանը։
Նա չի ընդունում, երբ ասում են, որ 2020 թվականից առաջ Հայաստանը խաղաղություն է ունեցել։
«Մենք ունեցել ենք սառեցված պատերազմ, մենք ունեցել ենք պատերազմի հետաձգում մեր ինքնիշխանության, մեր անկախության, մեր ազատության ու մեր զարգացման հաշվին»,- նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ իրենք հիմա Հայաստանի նավը հասցրել են խաղաղության հանգրվանի, ուղղակի նավի ուղևորներին պետք է խաղաղվել, իսկ խաղաղվել նշանակում է տնավորվել, բոխչաները քանդել ու դասավորել պահարաններում։
«Այսինքն՝ անցնել մշտական բնակության ռեժիմի, հակառակ դեպքում, երբ մեր տարածաշրջանում վերադարձի թափանիվը պտտեցինք՝ տարածաշրջանից «մեծ կտորն ականջն է մնալու» ու դրա մեջ գիտենք, թե ամենաշատն ով է տուժողը լինում»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա ասաց, թե այս օրը շատ մեծ պատմական ձեռքբերում է, որի մասին կխոսի մեկ ամիս հետո։
«Դա չի կարելի զոհել գերտերությունների շահերին»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։