Երևանում ամփոփվել է «Ռուսաստանը ձեզ հետ է» մարդասիրական ծրագրի հերթական խոշոր փուլը, որի շրջանակում 2025 թվականի հուլիսի 31-ից մինչև 2026 թվականի ապրիլը Հայաստանի 45 բնակավայրում օգնություն է հասել Լեռնային Ղարաբաղից հարկադիր տեղահանված ավելի քան 40 հազար մարդու։ Նախաձեռնությունը կազմակերպվել էր «Եվրասիա» և «Ռուսական մարդասիրական առաքելություն» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունների կողմից՝ Ռոսսոտրուդնիչեստվոյի հովանու ներքո։ Այդ ընթացքում շահառուներին փոխանցվել է 180 տոննա մարդասիրական օգնություն։
Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում «Ռուսական մարդասիրական առաքելության» գլխավոր տնօրենի տեղակալ Եվգենի Ֆեդիշևը նշել է, որ ծրագրի շրջանակում օգնություն է ստացել 9 310 ընտանիք։ Նրա խոսքով՝ աջակցության հիմնական հասցեատերերն էին կերակրողին կորցրած ընտանիքները, բազմազավակ ընտանիքները, առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք և միայնակ թոշակառուները։ Նա նաև ընդգծել է, որ ծրագրի իրականացման մեջ ակտիվորեն ներգրավված են եղել ոչ միայն կամավորները, այլև համայնքների վարչակազմերն ու տեղի բնակիչները։
Ֆեդիշևի գնահատմամբ՝ ծրագրի կարևոր առանձնահատկություններից մեկն այն էր, որ օգնությունը ձևավորվել է ոչ թե ընդհանուր մոտեցմամբ, այլ ըստ կոնկրետ տարածաշրջանների կարիքների։ Յուրաքանչյուր փուլից առաջ մշակվել են տվյալ վայրին առավել համապատասխան մարդասիրական փաթեթներ։ Հիմնական փաթեթներում ներառվել են սննդամթերք, առաջին անհրաժեշտության ապրանքներ և անձնական հիգիենայի միջոցներ, իսկ բազմազավակ ընտանիքների համար դրանց ավելացվել են նաև մանկական սնունդ և փոքրիկների համար անհրաժեշտ պարագաներ։
Ծրագրի կազմակերպիչների համոզմամբ՝ այս նախաձեռնության նշանակությունը միայն նյութական աջակցությամբ չի սահմանափակվել։ Պետդումայի պատգամավոր, «Եվրասիա» կազմակերպության խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան ընդգծել է, որ ամենակարևորը Արցախից հարկադիր տեղահանված մարդկանց կյանքի ամենածանր փուլում նրանց կողքին լինելն էր։ Նրա դիտարկմամբ՝ շատերը օգնության կետեր էին գալիս ոչ միայն անհրաժեշտ փաթեթ ստանալու, այլ նաև մարդկային վերաբերմունք և բարեկամական աջակցություն զգալու համար։ Այդ պատճառով կամավորները հաճախ ոչ միայն կազմակերպել են բաշխումը, այլև զրուցել մարդկանց հետ, իսկ որոշ դեպքերում նույնիսկ օգնության փաթեթները հասցրել նրանց տուն։
«Ռուսական մարդասիրական առաքելության» առաջատար փորձագետ Վիկտորիա Բիլոուսովան հայտարարել է, որ ռուսական մարդասիրական ծրագրերը Հայաստանում շարունակվելու են։ Նրա խոսքով՝ դա բնական շարունակություն է այն խոր պատմական, հոգևոր և մշակութային կապերի, որոնք միավորում են Հայաստանը և Ռուսաստանը։ Բիլոուսովան նշել է, որ օգնության կետերում աշխատելիս բազմիցս լսել է թե՛ տեղահանված արցախցիներից, թե՛ Հայաստանի բնակիչներից, որ Հայաստանը դժվար է պատկերացնել առանց Ռուսաստանի, ինչպես և Ռուսաստանը՝ առանց Հայաստանի։
Նրա խոսքով՝ մարդասիրական աջակցությունը շատ ավելի լայն հասկացություն է, քան սննդամթերքով փաթեթների բաշխումը։ Խոսքը վերաբերում է նաև մշակութային, կրթական և ենթակառուցվածքային ծրագրերին, որոնք արդեն իրականացվել են Հայաստանում և շարունակություն կունենան առաջիկայում։ Այդ մոտեցմամբ օգնությունը պետք է ոչ թե սահմանափակվի մեկանգամյա աջակցությամբ, այլ ունենա համակարգային բնույթ և բերի երկարաժամկետ արդյունքի։
Բիլոուսովան այդ միտքը բացատրել է նաև կոնկրետ օրինակով՝ հիշելով Գյումրիում օգնության բաշխման կետերից մեկում տեղի ունեցած դեպքը, երբ իրեն մոտեցած մի տղա շնորհակալություն էր հայտնել նաև արցախցի երեխաների համար նախկինում կազմակերպված հանգստի ծրագրի համար։ Նրա մեկնաբանությամբ՝ նման պատմությունները ցույց են տալիս, որ շահառուները ոչ միայն ստանում են աջակցություն, այլ հիշում են այն մարդկանց և նախաձեռնությունները, որոնք երկար ժամանակ իրենց կողքին են եղել։ Այդ իմաստով «Ռուսաստանը ձեզ հետ է» ծրագիրն այսօր ներկայացվում է ոչ թե որպես մեկանգամյա ակցիա, այլ որպես շարունակական և համակարգված աշխատանքի մոդել Հայաստանում։