393 դիտում, 8 ամիս առաջ - 2026-02-19 11:40
Քաղաքական խաղադաշտ

Ռուսական ներդրումների թեման՝ քաղաքական օրակարգում

Ռուսական ներդրումների թեման՝ քաղաքական օրակարգում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան շաբաթական ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի վարչապետի հայտարարությանը՝ կապված հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման հնարավոր վաճառքի հետ։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը հետևողականորեն հանդես է գալիս Հարավային Կովկասում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին, իսկ Երևանի հնչեցրած մոտեցումները տարակուսանք են առաջացնում։

Զախարովան հիշեցրել է, որ «Հարավկովկասյան երկաթուղին» ավելի քան երկու տասնամյակ գտնվում է ռուսական կոնցեսիոն կառավարման ներքո, և այդ ամբողջ ժամանակահատվածում ռուսական ընկերությունը կատարել է պայմանագրային պարտավորությունները՝ ներդնելով զգալի միջոցներ ենթակառուցվածքների և շարժակազմի արդիականացման մեջ։ Նրա գնահատմամբ՝ այդ ներդրումները դեռևս ամբողջությամբ չեն վերադարձվել, միաժամանակ ապահովվել են հազարավոր աշխատատեղեր։

Քաղաքական և տնտեսական վերլուծաբանները նկատում են, որ կոնցեսիոն պայմանագրի հնարավոր վերանայումը կարող է հարված հասցնել ոչ միայն երկաթուղային համակարգին, այլև Հայաստանի պարտավորություններին ԵԱՏՄ շրջանակում։ Պայմանագրային հարաբերությունների կայունության հարցը, այդ թվում՝ միջպետական և միջկառավարական համաձայնագրերի պահպանման առումով, կարող է դառնալ օրակարգային թեմա։

Մասնագետների մի հատված ընդգծում է, որ նման քայլերը կարող են ընկալվել որպես արտաքին տնտեսական ուղղության վերաձևակերպում՝ ազդեցություն ունենալով երկրի ներդրումային գրավչության վրա։ Նրանք զգուշացնում են, որ ենթակառուցվածքային ոլորտներում կտրուկ փոփոխությունները կարող են սոցիալական հետևանքներ ունենալ՝ հատկապես աշխատաշուկայի և արդյունաբերական կապերի տեսանկյունից։