Այստեղ պաթոսն արդարացված է․ հպարտություն, կարգապահություն, միջազգային իմիջ։ Նախագծի էությունը սպորտը կրթության, առողջապահության և սոցիալական շարժունակության հիմք դարձնելն է։
Նախագծի հիմքում պետք է լինեն կառավարության որոշումներ՝ հետևյալ կետերի շուրջ․
• Շիրակի մարզում ազգային մարզական կառույցների տեղակայում, կառուցում
• երիտասարդական թիմերի մարզական կենտրոնների ստեղծում
• բոլոր երեխաների համար անվճար մարզադպրոցներ և խմբակներ
• մարզչական համակարգի և ենթակառուցվածքների պետական ֆինանսավորում
• ազգային և միջազգային մրցումների պարբերական անցկացում։
Գյումրին պետք է դարձնել միջազգային խոշոր մրցաշարերի ճանաչված կենտրոն։
Նախագիծ 6. Առողջ քաղաքի մոդել՝ ընդօրինակման համար
Քաղաք առանց թմրանյութերի և այլ վնասակար կախվածությունների, առողջ կենսաշխարհի զարգացած միջավայրով։ Նախագծի էությունը պետական համապարփակ ծրագիրն է՝ ուղղված երեխաների և երիտասարդների պաշտպանությանը, առողջ ապրելակերպի ձևավորմանը և անվտանգ քաղաքային միջավայրի ստեղծմանը։
Պետության կողմից իրականացվող միջոցառումներ․
• թմրամիջոցների և այլ կախվածությունների կանխարգելում դպրոցներում (կյանքի հմտություններ, հոգեկան առողջություն),
• դպրոցական հոգեբաններ և սոցիալական աշխատողներ՝ պետության հաշվին,
• երեխաների և դեռահասների անվճար մուտք դեպի սպորտ, ակումբներ և խմբակներ,
• վաղ բժշկական և հոգեբանական օգնություն,
• վերականգնողական և սոցիալական ադապտացիա՝ առանց խարանի,
• կոշտ և համակարգային պայքար թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ,
• հանրային տարածքների բարելավում և լուսավորություն,
• բնապահպանական նախագծերի իրականացում
Տեսանելի ժամկետում Գյումրին կդառնա Հայաստանի առաջին քաղաքը՝ առողջ և անվտանգ քաղաքային միջավայրի կայուն մոդելով, որը կիրառելի է ազգային մակարդակում
Նախագիծ 7. Ավանդույթների և նոր տեսլականների քաղաք
Գյումրու պատմական ինքնությունը համատեղել ժամանակակից զարգացման և երիտասարդների համար ստեղծվող հնարավորությունների հետ:
Պետական աջակցություն՝ հետևյալ կետերով․
• պատմական թաղամասերի պահպանում և վերականգնում
• փառատոնների և տոնավաճառների կանոնավոր օրացույց
• աջակցություն թատերական և համերգային կյանքին
• արհեստների և ստեղծագործական տարածքների զարգացում
• երիտասարդության ներգրավվածություն մշակութային և քաղաքային նախագծերում։
Արդյունք՝ կենսունակ քաղաք իր ուժեղ ինքնությամբ, մշակութային տուրիզմով և ժամանակակից քաղաքային միջավայրով։
Գյումրին այսօր ունի բազմաթիվ մեծ ու փոքր խնդիրներ ամենատարբեր ոլորտներում՝ սկսած թափառող շների առատության ու մանկական խաղահրապարակների սակավության խնդրից մինչև զբաղվածության, քաղաքաշինության, տրանսպորտի, բնապահպանության (գետակի մաքրում, կանաչ գոտիների ավելացում, օդի որակ) ոլորտներ։ Սրանք բոլորը կարևորագույն հարցեր են, որոնք համակարգված, մտածված մոտեցում են պահանջում։
Մասնավորապես, թափառող շների խնդիրը քաղաքի բնակիչների համար վերջին տարիներին մեծ լարվածություն է ստեղծում։ Այս խնդրի լուծման համար մենք ունենք մշակված համակարգային ծրագիր, որը Գյումրիում հաջողությամբ իրականացնելուց հետո կարող ենք որպես գործուն մոդել կիրառել նաև հանրապետության մյուս քաղաքներում և համայնքներում։
Մենք պիտի տարանջատենք, թե առկա հարցերից որոնց լուծումը կարող է լիարժեքորեն տրվել բացառապես ՏԻՄ ջանքերով, և որոնք ունեն Երևանի գործուն միջամտության կարիքը։ Մեր առաջարկած խոշոր նախագծերի իրականացումը ոչ միայն կբերի հրատապ հարցերի մի մասի անմիջական լուծմանը տեղում՝ Գյումրիում և շրջակա համայնքներում, այլև դրական և տեսանելի ազդեցություն կունենա ամբողջ հանրապետության կյանքի վրա։