1617 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-12 19:55
Քաղաքական խաղադաշտ

Թշնամին քո տարածքում բույն է դրել, ի՞նչ խաղաղություն․Արթուր Խաչատրյան

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ դաշինքի անդամ, պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա անդրադարձավ գործող իշխանության խոստումների և իրականության միջև առկա անդունդին՝ շեշտելով, որ հպարտ քաղաքացուն փոխարինելու է եկել վախեցած քաղաքացին։

Խաչատրյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի նախկինում բաժանած հպարտ քաղաքացու անձնագրերը, որտեղ Հայաստանն ու Արցախը միասնական էին, և համեմատեց այն այսօրվա իրականության հետ։

«Այսօր, երբ Նիկոլ Փաշինյանի ձախողված կամ գիտակցված քաղաքականության արդյունքում Արցախում բուն են դրել ադրբեջանցի ասկյարները, նա ուզում է հպարտ քաղաքացու փոխարեն ունենալ վախեցած քաղաքացիների մի բազմություն։ Նա ձեզ վախեցնում է, որ եթե իրեն չքվեարկեք, Ադրբեջանը պատերազմ կսկսի։

Սա մանիպուլյացիա է. Փաշինյանն ու իր եղբայր Ալիևը Հայաստանի վերաբերյալ նույն պատկերացումն ունեն՝ Հայաստան առանց Մասիս սարի, առանց պատմական հիշողության, առանց եկեղեցու և իղձերի»,- հայտարարեց Խաչատրյանը։

Արթուր Խաչատրյանը նշեց, որ իշխանությունը ձախողել է իր բոլոր նախընտրական խոստումները՝ Արցախի հարցի հայանպաստ լուծումից մինչև տնտեսական թռիչքաձև զարգացում, և այժմ փորձում է դա քողարկել խաղաղության կեղծ օրակարգով։