1674 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-12 20:20
Քաղաքական խաղադաշտ

Մենք մարդակերի սիրո կարիք չունենք, այդ սերն ուղղեք դեպի Ադրբեջան․ Քոչարյանը՝ Փաշինյանին

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա անդրադարձավ երկրում տիրող իրավիճակին՝ քննադատելով իշխանությունների վարած քաղաքականությունը։

«Իմ մոտ հարց է առաջացել. երբ պայքար սկսվեց Արարատ լեռան դեմ, միանգամից մտածեցի՝ իսկ Մալաթիա-Սեբաստիա անունը տարածքային պահանջ չի՞ Թուրքիայի նկատմամբ։ Արդյո՞ք մնալու է այդ անունը, թե՞ փոխվելու է։ Մարդ, ով ուզում է այս ամենը փոխել, Հայաստանում տեղ չպետք է ունենա»,- հայտարարեց նա։

Դաշինքի առաջնորդը խիստ քննադատեց իշխանության կողմից օգտագործվող «սիրո» սիմվոլիկան։ Ըստ նրա՝ երկիրը սիրել նշանակում է ամուր պահել դարպասները, իսկ ժողովրդին սիրել՝ ապահովել նրա անվտանգությունը, ինչը տապալվել է։

«Հրահրել են պատերազմ, պարտվել են, տվել են ավելի քան 5000 զոհ, 12000 վիրավոր և տարածքային կորուստներ։ Սա՞ է ձեր սերը։ Մենք մարդակերի սիրո կարիք չունենք։ Այդ սերը ուղղեք դեպի Ադրբեջան»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահը խոստացավ չեղարկել գույքահարկի մասին օրենքը և համաներում շնորհել տուգանքներին։ Նա նաև անդրադարձավ պարգևավճարների համակարգին՝ առաջարկելով դրանք փոխարինել բարձր աշխատավարձով։

«Եթե բյուջեում փող կա, ինչո՞ւ եք դա պետական ծառայողին տալիս պարգևավճարի ձևով։ Բարձրացրե՛ք աշխատավարձը, որ պաշտոնյան իրեն կախված չզգա վարչապետի ցանկությունից։ Այսօր պարգևավճար են տալիս նրան, ով ընդդիմադիրին բռնում ասֆալտին է փռում։ Մենք սա վերացնելու ենք»,- ասաց Քոչարյանը։