Պատգամավորի թեկնածուի կարգավիճակը պահպանվում է մինչև մանդատների բաշխումը, սակայն Ընտրական օրենսգիրքը թեկնածուներին անձեռնմխելիություն է տալիս միայն այն դեպքում, երբ քրեական հետապնդումը ծագել է թեկնածուի կարգավիճակ ձեռք բերելուց հետո: Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ հարցերը պետք է ուղղել Գլխավոր դատախազությանը, այլ ոչ թե ԿԸՀ-ին:
«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ` այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է հանձնաժողովը գնահատում այն փաստը, որ Դատախազությունն առանց ԿԸՀ համաձայնության մեղադրանք է առաջադրել պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանին:
Հովակիմյանի պնդմամբ՝ ինքը տեսել է հաղորդագրությունը, որտեղ խոսքը գնում է նախկինում հարուցված քրեական գործի մասին։ Նա հավելեց, որ եթե թեկնածուն կամ լրագրողները կարծում են, որ Դատախազությունն իրավունք չուներ նման քայլի դիմելու, ապա թեկնածուն կարող է բողոքարկել այդ գործողությունները, իսկ ԿԸՀ նախագահից Դատախազության քայլերը մեկնաբանել պահանջելը մեղմ ասած ճիշտ չէ:
Պատասխանելով հարցին՝ ի վերջո Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժն անցնո՞ւմ է խորհրդարան, թե՞ ոչ, Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին, իսկ այս փուլում ընթանում են վերահաշվարկի աշխատանքներ։
ԿԸՀ նախագահը նաև հայտնեց, որ ԿԸՀ-ի և հանձնաժողովի արձանագրությունների անհամապատասխանությունն առաջացել է մարդկային գործոնի հետևանքով։
«2005 տեղամասերից հինգում արձանագրությունները ճշգրիտ են, բայց մուտքագրման ընթացքում եղել է սխալ մուտքագրում, այնտեղ տողեր են թռցրել: Մարդկային հոգնածության գործոնն է եղել, մի տողը ուղղակի մուտքագրողը թռցրել է: Դա եղել է, օրինակ, 27-րդ ընտրատարածքում»,— հայտարարեց Հովակիմյանը՝ շեշտելով, որ նախնական արդյունքները հենց դրա համար են նախնական, որպեսզի այս փուլում ճշգրտվեն:
Ճեպազրույցի վերջում ԿԸՀ նախագահը հավելեց, որ վերահաշվարկի պատշաճ դիմումներ շատ քիչ են ստացել։ Դիմումներ ներկայացրել են ընդամենը երեք քաղաքական ուժեր՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը և «Միասնության թևեր»-ը: