«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Նոյեմբերյան կատարած այցի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ երկրում առկա ճգնաժամի հիմնական պատճառը սխալ կառավարումն ու պաշտոններին փորձ չունեցող մարդկանց նշանակելն է։
«Խնդիրն այն է, որ պաշտոններին նստած են մարդիկ, ովքեր փորձ չունեն։ Պատահական բերված անփորձ երիտասարդների պատճառով ենք այս վիճակին հասել։ Մարզպետը պետք է լինի ընտրովի և ժողովրդի կողմից ճանաչված, այլ ոչ թե Երևանից ուղարկված թիմակից»,- ասաց նա։
Կուսակցության առաջնորդն ընդգծեց գյուղատնտեսության վերականգնման անհրաժեշտությունը՝ առաջարկելով պետական հոգածության կոնկրետ մեխանիզմներ։ Ըստ նրա՝ պետությունը պետք է ապահովի սուբսիդավորվող պարարտանյութ, անտոկոս վարկեր և խրախուսի սառնարանային տնտեսությունների ստեղծումը, որպեսզի գյուղացին կարողանա իր բերքն արտահանել և շահույթ ստանալ։
Անդրադառնալով անվտանգային հարցերին՝ Գագիկ Ծառուկյանը շեշտեց, որ 18 տարեկան անփորձ երեխաներին սահման ուղարկել չի կարելի։
«Ավելի լավ է ունենալ 10․000 պրոֆեսիոնալ պայմանագրային ծառայող, քան 30-40 հազար անփորձ երիտասարդ։ Պետք է բարձր աշխատավարձ նշանակել փորձառու մարդկանց, ովքեր կպահեն սահմանը և կհոգան իրենց ընտանիքների բարեկեցությունը»,- նշեց նա։