Գործող իշխանությունը ստի, վախի և ճնշումների միջոցով փորձում է պահպանել իր դիրքերը, սակայն Հայաստանի ժողովուրդը միասնականությամբ հաղթահարելու է այս իրավիճակը։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Ելույթի սկզբում նա պատմեց Գյումրիում տեղի ունեցած միջադեպի մասին՝ նշելով, որ քաղաքացիների շրջանում խոր հիասթափություն և զայրույթ կա իշխանությունների նկատմամբ։
«Մեր ազատամարտիկներից մեկը Գյումրուն հարիր սև հումորով ասաց, թե հաց գնելիս անընդհատ մտածում էր՝ հանկարծ մի տեղից վարչապետը դուրս չգա ու սկսի մարդկանց մեղադրել։ Սա դառը իրականություն է, որովհետև այսօր իշխանությունը սեփական քաղաքացիներին ընկալում է որպես թշնամի»,- նշեց Սաղաթելյանը։
Նա անդրադարձավ նաև իշխանությունների հայտարարություններին՝ դրանք որակելով հերթական ապատեղեկատվություն։
«Ասում են՝ եթե իրենք մնան, կլինի խաղաղություն, իսկ իշխանափոխության դեպքում պատերազմ կլինի։ Սա բացարձակ սուտ է։ Եթե այս իշխանությունը մնա, լինելու է պատերազմ և երաշխավորված պարտություն»,- հայտարարեց նա։
Ընդդիմադիր գործիչը հերքեց նաև այն պնդումները, թե իշխանափոխությունից հետո պետական համակարգում զանգվածային կադրային զտումներ են լինելու։
«Սուտ են տարածում, թե բոլոր քաղծառայողները հեռացվելու են աշխատանքից։ Դա վերաբերում է միայն ՔՊ-ի վերնախավին, որոնք պատասխան են տալու իրենց կատարած հանցագործությունների համար»,- ասաց Սաղաթելյանը։
Նա իշխանություններին մեղադրեց ժողովրդավարությունը խաթարելու և քաղաքական հետապնդումներ իրականացնելու մեջ՝ հիշեցնելով կալանքի տակ գտնվող ընդդիմադիրներին ու հոգևորականներին։