750 դիտում, 1 շաբաթ առաջ - 2026-09-18 11:55
Քաղաքական խաղադաշտ

«Իրական Հայաստանի» հեղինակները Ալիևն ու Էրդողանն են, Փաշինյանը՝ գործակատար․ Սաղաթելյան

«Իրական Հայաստանի» հեղինակները Ալիևն ու Էրդողանն են, Փաշինյանը՝ գործակատար․ Սաղաթելյան

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով իշխանության գործողություններին, նշել է, որ բռնաճնշումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ գործող իշխանությունը շարունակում է մնալ իշխանության։

«Քանի էս իշխանությունը այս նկարագրով կա, իրենք շարունակելու են այս բռնաճնշումները։ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, էս դատավարություններով, կոնկրետ տվյալ դեպքում՝ Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանավորմամբ, լուծում է 2 խնդիր։ Առաջինը՝ առաջիկայում այն հանձնումները, որ պատրաստվում է իրականացնել, դրա համար փորձում է ճանապարհի բոլոր խոչընդոտները վերացնել և ապահովագրել իրեն։ Երկրորդը՝ վրեժը լուծել։ Վրեժ է լուծում նաև Ալիևի փոխարեն, Ալիևի տեղը, Ալիևին դուր գալու համար»,- ասել է Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ ինքը Հայաստանի իրավական համակարգից ակնկալիքներ չունի, թեև դատաիրավական համակարգում դեռ կան մարդիկ, որոնք փորձում են որոշ գծեր պահպանել։

Անդրադառնալով Փաշինյանի և ՔՊ պատգամավորների հայտարարություններին՝ Սաղաթելյանը նշել է․ «Սրանք պետություն են ներկայացնում, էլի։ Մեծ խոսելը ցանկացած մեկը կարա, դրանով ո՛չ ուժ ես ցույց տալիս, ո՛չ իշխանություն, ո՛չ ինտելեկտ, ո՛չ բարոյականություն։ Ինքնահաստատման տխուր, ճղճիմ փորձեր են»։

Խոսելով ՀՅԴ-ի նկատմամբ իշխանության վերաբերմունքի մասին՝ Սաղաթելյանը այն անվանել է իշխանության «հետևողական քաղաքականություն»։

«Մի քանի տարի առաջ եմ ասել՝ Հայաստանի նկատմամբ իրականացնում են դենացիոնալիզացիայի ծրագիր, իսկ էդ ծրագրի իրականացման ընթացքում ազգային կազմակերպությունները, ազգային գաղափարախոսություն ունեցող ուժերը, համահայկական կառույցները, մեր ինքնության պահպանմանն ուղղված կառույցները պետք է լինեն հարվածի տակ»,- ասել է նա։

Սաղաթելյանը նաև անդրադարձել է Փաշինյանի՝ դաշնակցական մտածողություն ունենալու մասին հայտարարությանը։

«Ինքը չի կարող դաշնակցական մտածելակերպ ունենալ։ Ես ասել եմ, շարունակում եմ պնդել, որ «իրական Հայաստանի» իրական հեղինակները Ալիևը և Էրդողանն են, Նիկոլ Փաշինյանը՝ ստեղ գործակատարը։ Ինքը մեր ինքնության, ազգային արժեքների, մեր անցյալի, մեր պատմության ու ապագայի հետ կապ չունի»,- հայտարարել է պատգամավորը։

Տիգրանաշենի և Տավուշի վերաբերյալ հնարավոր զարգացումների մասին Սաղաթելյանը նշել է, որ առաջիկայում մեծ աշխատանք է անհրաժեշտ իրականացնել հասարակության հետ։

«Էս փուլում մենք լուրջ աշխատանք ունենք անելու մեր հասարակության հետ՝ բացատրելու, պարզաբանելու, համախմբելու, ներկայացնելու այն բոլոր վտանգները, ինչ տեղի են ունենում։ Ստեղ միայն Տիգրանաշենի մասին չի։ Տավուշի հատվածում էն տարածքները, որ, ըստ էության, հայտարարել է՝ զիջելու են, դրանք ևս ունեն ռազմավարական նշանակություն»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ իշխանությունը փորձում է գործընթացները հասցնել «անդառնալի կետի»։

«Էս փուլում լայնածավալ աշխատել մեր ժողովրդի, հասարակության հետ և ձևավորել լայն հակազդեցություն, որպեսզի կարողանանք կանխել այս հերթական զիջումները»,- եզրափակել է Սաղաթելյանը։