Ի սրտե ողջունում եմ բոլորիդ, զգացված եմ այս ջերմ ընդունելության համար և ինձ էլ ավելի պարտավորված եմ զգում։ Ճիշտ հասկացեք՝ ինչ որ խոստացել եմ, մի բան էլ ավել եմ անելու։ Արդեն ամսից ավելի է՝ շփվում եմ ժողովրդի հետ, լսում մարդկանց պրոբլեմները և լիարժեք տիրապետում եմ իրավիճակին թե՛ քաղաքներում, թե՛ մարզերում ու գյուղերում։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Նա ընդգծեց, որ մարդկանց այսօր չի հետաքրքրում փոխադարձ վիրավորանքներն ու ցեխ շպրտելը․ ամեն մեկն ուզում է, որ իր մասին մտածող լինի, հնարավորություն տրվի արդար քրտինքով ընտանիք պահելու և ապահով երկիր փոխանցելու սերունդներին։ Ծառուկյանը շեշտեց, որ ինքն անձնական որևէ ակնկալիք, պաշտոնի կամ ճանաչման կարիք չունի, և իր միակ նպատակը երեխաների անվտանգ ապագան է։
Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց այն հիմնական կետերը, որոնք, իրենց հաղթանակի դեպքում, ընդունվելու են հենց առաջին նիստին։
Ամենակարևոր հարցը ԲՀԿ առաջնորդը համարեց երաշխավորված խաղաղությունը՝ կասկածի տակ դնելով գործող իշխանությունների թեզերը։
«Ասում են՝ խաղաղություն ենք բերել, դե թող ցույց տան ստորագրված խաղաղության թուղթը, որը կերաշխավորի, որ հարձակում չի լինելու։ Տեսնում ենք՝ սաղ Գեղարքունիքով, Սյունիքով, Ջերմուկով մեր հողերի մեջ՝ սարերին նստած են ու պահանջներ թելադրում, անկլավներն են ուզում։ Նախիջևանում էլ խոսում են «Արևմտյան Ադրբեջանի» վերականգնման մասին։ Ադրբեջանը քոչվոր ցեղ է, ընդամենը 100 տարվա պետություն ունի, իսկ մենք հազարամյակների պատմություն ունենք։ Պետք է ճիշտ բանակցել ճիշտ մարդկանց հետ, ունենալ հզոր դաշնակիցներ, պատերազմի դուռը փակել ու զբաղվել տնտեսությամբ»,- ասաց նա։
Ելույթի ավարտին Գագիկ Ծառուկյանը շեշտեց, որ իր թիմում հավաքվել են փորձառու և սրտացավ մարդիկ, ովքեր մանդատի կամ պաշտոնի հետևից չեն վազում։ Նա կոչ արեց քաղաքացիներին կատարել իրենց ընտրությունը՝ հավելելով, որ ինքը երբեք առաջինը ցեխ չի շպրտում և հարգում է դիմացինին։