Այսօր չլուծվող խնդիր չկա, հարկավոր է լիարժեք մարդու մասին մտածել ու քայլ կատարել, որպեսզի մարդը կարողանա իր ընտանիքը պահել, և դեմքին ժպիտ լինի։ Մեր ժողովուրդն արդեն հոգնել ու հիասթափվել է անընդհատ լսելուց, թե ով ոնց է մյուսին հայհոյում, վիրավորում ու ցեխ շպրտում։ Ժողովուրդը փոփոխություն է ուզում, որ իր մասին մտածող լինի։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Գավառում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Ծառուկյանն ընդգծեց, որ ինքը զրոյից կայացած, սովորական աշխատավոր ընտանիքից դուրս եկած մարդ է, ով երբեք պետական պաշտոն չի զբաղեցրել, և իր բոլոր խոստումները հիմնված են կամքի ու աշխատանքի վրա։
ԲՀԿ առաջնորդն իր ելույթում ներկայացրեց 4 առանցքային որոշումներ, որոնք, հաղթանակի դեպքում, կայացվելու են կառավարության հենց առաջին նիստում։ Դրանք են՝ անվճար առողջապահություն, անվճար բարձրագույն կրթություն, մինչև 3 միլիոն դրամ վարկերի ներում, մինչև 10 տարի հանցանքների համար համաներում։
Ելույթի ավարտին Գագիկ Ծառուկյանը դիմեց գավառցիներին՝ հորդորելով ընտրության օրը ճիշտ որոշում կայացնել և չվախենալ ճնշումներից։
«Եթե աշխատանքից հանելով վախեցնում են, մի՛ հայտարարեք ձեր քայլերի մասին, ասեք՝ քեզ եմ ընտրում։ Բայց հունիսի 7-ին գնացեք ու քվեախցիկում ընտրեք համար 7-ին։ Դուք միայն ձայնը տվեք ու հետո պահանջեք արդյունքը»,- եզրափակեց Ծառուկյանը։