Այն, ինչ երեկ ֆիքսվեց ԵԱՏՄ գագաթաժողովին, որքան էլ մտահոգիչ լինի, անակնկալ չէր։ Դա սպասելի էր, և մենք դրա մասին խոսել էինք։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց արտաքին գործերի նախկին նախարար, ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արա Այվազյանն անդրադառնալով ԵԱՏՄ գագաթաժողովի արդյունքներին, հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամին և Հայաստանի առջև ծառացած աշխարհաքաղաքական մարտահրավերներին։
«Վերհիշենք, որ ընդամենը մեկուկես ամիս առաջ՝ ապրիլի 1-ին, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդները հանդիպեցին, և զրույցը բավական ընդարձակ էր ու հասանելի հանրությանը։ Դրանից հետո՝ ապրիլի վերջին, հնչեց Ռուսաստանի նախագահի բավական կոշտ հայտարարությունը, որը ես գնահատել էի որպես Ռուսաստանի կողմից թույլատրելի շրջանակի սահմանում և զսպման քաղաքականություն իրականացնելու վճռականություն։ ՌԴ-ն ի ցույց դրեց այն գործիքները, որոնցով կարող է առաջնորդվել, և ամբողջ հարցն այն էր, թե Հայաստանի ներկայիս իշխանությունները որքան ճիշտ ընկալեցին ուղերձները և որքան լուրջ ընդունեցին այդ գործիքները կյանքի կոչելու վճռականությունը։ Դատելով պաշտոնական Երևանի վարքագծից՝ նրանք դա այդքան էլ լուրջ չէին ընդունում»,- ասաց նա։
Արա Այվազյանն ընդգծեց, որ տնտեսությունն ու քաղաքականությունը փոխկապակցված են, և վատ արտաքին քաղաքականության հետևանքները կրելու է ողջ հասարակությունը։
«Ընդամենը օրեր առաջ գործող վարչապետը հայտարարեց, թե անհնար է, որ գազի գինը վերանայվի, և որ միշտ էլ նման խնդիրներ եղել ու հաղթահարվել են։ Բայց այս անգամ իրավիճակը շատ ավելի լուրջ է։ Ռուսաստանը և ԵԱՏՄ-ն մեզ համար հիմնական գործընկերն են։ Չի կարելի քաղաքականությունը տարանջատել տնտեսությունից։ Դու չես կարող կորցնել վստահությունը ռազմավարական գործընկերոջդ հետ, կիրառել վնասող հռետորաբանություն ու մտածել, որ դա չի անդրադառնալու տնտեսության վրա։ Երեկ մեզ որոշ չափով ներկայացվեց վերջնագիր՝ թե՛ պաշտոնական Երևանին, թե՛ Հայաստանի բնակչությանը»,- ասաց Այվազյանը։
Որպես հաշվարկված ու պետականակենտրոն քաղաքականության օրինակ՝ դիվանագետը մատնանշեց հարևան Թուրքիայի անցած ճանապարհը։
«Հարևան Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ 1965 թվականին, երբ Թուրքիան մտադիր էր բռնազավթել Կիպրոսի հյուսիսային մասը, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից շատ կոշտ պատասխան ստացավ, ինչի հետևանքով հետքայլ արեց, որովհետև սպառազինության հարցում ամբողջովին կախված էր արևմտյան գործընկերներից»,- ասաց նա։
Արա Այվազյանն ասաց, որ պաշտոնական Երևանի սխալների պատճառով Հայաստանը վերածվել է աշխարհաքաղաքական հակադիր շահերի բախման կենտրոնի, և կոչ արեց ընտրությունների ժամանակ չառաջնորդվել օտար ուժերի թելադրանքով։