1251 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-02 18:43
Քաղաքական խաղադաշտ

Այսօր անցել ենք մի ճանապարհով, որ այս ազգակործան պատուհասն արդեն հանձնել է Ադրբեջանին․ Գառնիկ Դանիելյան

Այսօր անցել ենք մի ճանապարհով, որ այս ազգակործան պատուհասն արդեն հանձնել է Ադրբեջանին․ Գառնիկ Դանիելյան

Մենք այսօր Բերդի տարածաշրջան գալուց անցել ենք մի ճանապարհով, որ այս ազգակործան պատուհասն արդեն հանձնել է Ադրբեջանին։ Խոսքն այսպես կոչված անկլավների մասին է, որոնց իրավական հիմքերը գոյություն չունեն։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Բերդում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ Գառնիկ Դանիելյանը։

Նա նշեց, որ բազմաթիվ անգամներ Ազգային ժողովում բարձրացրել են այդ հարցը, թեև իշխանությունն ընդունում է, որ իրավական հիմքեր չկան, միևնույն է՝ այդ տարածքները համարում է Ադրբեջանինը։

«Մեծ ցավով եմ ասում, ամեն անգամ այդ ճանապարհով անցնելիս մենք չգիտենք՝ այս իշխանությունը, եթե վերարտադրվի, քանի ժամ և քանի օր հետո հերթական հանձնումը կկատարի։ Այն, որ սրանց մնալու դեպքում հերթական տարածքային զիջումներն են լինելու, այստեղ հավաքվածներից երևի որևէ մեկը կասկած չունի։ Բայց այս բախտորոշ ժամանակահատվածում «Հայաստան» դաշինքը եկել է այստեղ ասելու, որ կանգնած է ձեզ հետ միասին՝ պաշտպանելու մեր տարածքային ամբողջականությունը։ Տավուշի տարածքից այլևս որևէ սանտիմետր հող չի՛ հանձնվելու»,- ասաց նա։

Պատգամավորը հիշեցրեց, որ իրենց թիմի ղեկավար կազմն անցած հարուստ ուղի ունի, որն ազատագրել ու հաղթանակներ է կերտել՝ ստեղծելով 42 000 քառակուսի կիլոմետր հայրենիք, մինչդեռ գործող իշխանությունն ամեն ինչ հանձնելով է առաջ գնում։

«Սրբազան պայքարի արդյունքում կարողացանք որոշ տարածքների զիջումը կանխել, բայց վերահաս վտանգը դեռ կախված է մնացած տարածաշրջաններից։ Խոսում են Պառավաքար համայնքի հողերի մասին, մենք արդեն այնտեղից էլ ենք ահազանգներ ստանում։ Բայց, ժողովո՛ւրդ ջան, մենք մի քանի օր հետո շատ կարևոր քվեարկություն ունենք։ Այդ քվեարկությունով մենք «ոչ» ենք ասելու բռնապետական ռեժիմին, «ոչ» ենք ասելու տարածքային զիջումներին և «ոչ» ենք ասելու այս տնտեսական խայտառակ քաղաքականությանը»,- ասաց նա։

Գառնիկ Դանիելյանն առանձնակի շեշտադրեց տնտեսական ենթակառուցվածքների խնդիրը՝ նշելով, որ թե՛ Բերդի, թե՛ Իջևանի և թե՛ Նոյեմբերյանի տարածաշրջանների ամբողջ տնտեսությունը՝ գյուղատնտեսությունից մինչև տեքստիլ, սերտորեն կապված է ԵԱՏՄ շուկայի հետ։

«Մենք հիմա գալիս ենք Նոյեմբերյանից։ Նոյեմբերյանի մեր հայրենակիցները հարց են տալիս՝ բա այդ կարլյոկը որտե՞ղ ենք տանելու ծախենք, բա այդ թուզը որտե՞ղ ենք տանելու ծախենք։ Սրանք մենակ խնդիր են առաջացնում, որևէ լուծում չունեն և որևէ պատկերացում չունեն ո՛չ տնտեսական, ո՛չ էլ անվտանգային քաղաքականությունից։ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին մենք արժանապատիվ ենք քայլել աշխարհի տարբեր մայրաքաղաքներում, և այդ արժանապատվության վերականգնումը տեղի է ունենալու ամսի 7-ից հետո»,- ասաց նա։