654 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-04 18:47
Քաղաքական խաղադաշտ

Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ երկրում ձևավորվի մեկ մարդու բռնապետություն․ Իշխան Սաղաթելյան

Այս չարիքի իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեր ժողովրդին ասում է՝ եթե ես չընտրվեմ, պատերազմ է լինելու։ Սո՛ւտ է ասում։ Եթե ինքը ընտրվի, այդ ժամանակ է պատերազմի հավանականությունը մեծ, իսկ իր գլխավորությամբ պատերազմի ելքը կանխորոշված է՝ երաշխավորված պարտություն։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին Սևանում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։

Նա ընդգծեց, որ Սևանի հրապարակում ելույթ ունենալն իր համար կրկնակի պատասխանատվություն է, քանի որ ներկա են իր ծնողները, համագյուղացիներն ու դպրոցի ուսուցիչները։

«Այս ամբիոնից ինչ բառ որ կհնչեցնենք, ես և իմ թիմակիցները ցանկացած տառի, ցանկացած բառի ու արածի համար պատասխանատու ենք՝ ոնց որ մինչև հիմա, այնպես էլ սրանից հետո»,- հայտարարեց նա։

Իշխան Սաղաթելյանն իր ելույթում մեկ առ մեկ անդրադարձավ գործող իշխանության հիմնական թեզերին՝ դրանք որակելով որպես ստերի հավաքածու։

«Այն, որ անընդհատ ձեզ ասում է՝ ընտրեք ինձ, մեր երկրին տեր կանգնեմ, սուտ է ասում։ Ինքը այս երկրի քանդողն է ու այս երկրի թշնամին։ Այդ սատանաների ոհմակին հունիսի 7-ին պետք է վռնդենք»,- ավելացրեց Սաղաթելյանը։

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը դիմեց նաև խոշորացված համայնքների այն ղեկավարներին, ովքեր ՔՊ-ական չեն, ժամանակին ամաչել են անդամակցել այդ կուսակցությանը, բայց այսօր ձեռքերը քշտած ձայն են հավաքում նրանց համար՝ արդարանալով, թե դա իրենց որոշումն է, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի։

«Տղե՛րք, դուք ավելի վատ գործ եք անում այս պահին, քան ՔՊ-ական քաղաքապետերը։ Նրանց ճակատին արդեն վաղուց դաջված է՝ նրանք հայրենիք հանձնող թիմի պաշտոնական անդամներն են։ Հե՛տ վերադարձեք այդ ճանապարհից, մաս մի՛ կազմեք հայրենիք հանձնողներին։ Դրա համար վաղը չէ մյուս օրը ձեր երեխաների աչքերին չեք կարողանալու նայել։ Մի՛ ասեք՝ դա մեր հարցն է, դա ձեր հարցը չի. դուք ընդամենը գործիք եք Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար, և այդ քայլով նրանց մոտեցնում եք ձեր տներին»,- ասաց Սաղաթելյանը։

Պատգամավորի թեկնածուն դիմեց նաև գործարար աշխարհի ներկայացուցիչներին՝ զգուշացնելով, որ նրանց լռությունը, անտարբերությունն ու ոմանց կողմից գործող իշխանությանն աջակցելը շատ թանկ է նստելու պետության ու տնտեսության վրա։ 

«Մի՛ վախեցեք չարիքի իշխանությունից։ Մի՛ ասեք՝ կարծիք հայտնենք՝ բիզնես կկորցնենք։ Այդ բիզնեսը, եթե այս չարիքին չհեռացնենք, մնալու է թուրքերին»,- ասաց նա։

Ելույթի վերջում Իշխան Սաղաթելյանը շեշտեց, որ հունիսի 7-ը պարզ, հասարակ ընտրության օր չէ, այլ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ին հեռացնելու օրն է։ Նա կոչ արեց քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։