Հայաստանում ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական գործիչների, այդ թվում՝ Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներում հանցակազմի որևէ տարր չկա։ Փաստերը համադրելիս ակնհայտ է դառնում, որ իրավապահ ու քննչական մարմնինները առաջնորդվում են բացառապես քաղաքական հրահանգներով ու պատվերներով։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Մենուա Սողոմոնյանը՝ անդրադառնալով Ավետիք Չալաբյանի հնարավոր կալանավորմանը։
Մենուա Սողոմոնյանի ձևակերպմամբ՝ երկիրը հստակ կերպով շարժվում է ավտորիտարիզմից դեպի բռնապետություն, և ստեղծված իրավիճակը սկսում է նմանվել ստալինյան ժամանակաշրջանին։
«Այն ժամանակ ուղղակի առանց դատ ու դատաստանի հինգ րոպեում որոշումներ էին կայացնում ու մարդկանց գնդակահարում։ Հիմա այդ ամեն ինչը ֆիզիկապես չեն անում, բայց իրենց ավտորիտարիզմն ու բռնապետությունը պահպանելու համար օգտագործում են օրենքի շղարշները։ Օրենսդրական կարգավորումներն իրենց ուզած ձևով ֆռցնելով, սվաղելով ու սարքելով են օգտագործում»,- ընդգծեց նա։
Անդրադառնալով գործերում առկա գաղտնալսումներին ու դրանց հնարավոր մոնտաժված լինելուն՝ Սողոմոնյանը նշեց, որ թեև զերծ կմնա փաստական հանգամանքներին իրավական գնահատական տալուց, սակայն ձեռագիրն ինքնին խոսուն է։
«Ոճը, ձեռագիրը՝ ապօրինի գաղտնալսում, մոնտաժել, մեկնաբանել և այլն, այս իշխանություններին շատ բնորոշ է։ Ցավն այն է, որ նրանք իրենց համար օգտագործում են Հայաստանի Հանրապետության իրավական ու իրավապահ համակարգը»,- ասաց նա։
Մենուա Սողոմոնյանը վստահություն հայտնեց, որ քաղաքական գործիչների դեմ հարուցված շինծու գործերը վաղ թե ուշ «ջարդվելու են» դատարաններում, չնայած այն հանգամանքին, որ իշխանությունների կողմից համակարգն ամբողջությամբ զավթելու փորձերը չեն դադարում։
«Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանում գործում է դատաիրավական մաֆիա՝ փորձելով մաֆիայի հետ նույնացնել բոլոր այն դատավորներին կամ իրավապահ համակարգի գործող անձանց, ովքեր իրեն անմիջապես չեն ենթարկվում ու չեն լսում։ Իրականում մեր այս համակարգում դեռևս կան չխորտակված սյուներ, և մեր քաղաքացիական հասարակության ու հանրության պարտքն է աջակցել այդ սյուներին, որպեսզի կարողանանք կանխել կամ գոնե դանդաղեցնել դեպի բռնապետություն գնացող տեմպը»,- հավելեց նա։
Նրա խոսքով՝ համակարգում կան անհատներ, որոնք անվերապահորեն ենթարկվում են ցանկացած քաղաքական պատվերի, բայց կան նաև անհատներ, ովքեր դեռևս առաջնորդվում են օրենքով, սեփական խղճով և մասնագիտական առաքելությամբ։