Ապրիլի 9-ին տեղի կունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը, որի ընթացքում կներկայացվեն ինչպես կուսակցության «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը, այնպես էլ ձևավորված թիմը։ Այս մասին հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը։
Նրա խոսքով՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արդեն ձևավորվել է նաև նախընտրական շտաբի ղեկավար կազմը։ Շտաբը ղեկավարելու է Հրաչյա Ռոստոմյանը, մարզային գրասենյակների աշխատանքը համակարգելու է ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արմեն Մանուկյանը, իսկ Երևանի կառույցների գործունեությունը համակարգելու է Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը։
Տոնոյանը նշել է, որ ինքն անձամբ համակարգելու է հանրության և զանգվածային լրատվամիջոցների հետ կապերը՝ ընդգծելով, որ այդ աշխատանքը լինելու է բաց, թափանցիկ և շարունակական։
Նա նաև տեղեկացրել է, որ թիմում և շտաբային աշխատանքներում ներգրավված են լինելու տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, անկուսակցականներ, ինչպես նաև տարբեր ոլորտների հեղինակավոր մասնագետներ և հանրային գործիչներ։
«Միասին մուտք ենք գործում անչափ պատասխանատու փուլ՝ վստահ լինելով, որ համակարգված աշխատանքը, հստակ տեսլականը և ուժեղ թիմը կարող են բերել Հայաստանի համար իրական փոփոխություններ», — նշել է Իվետա Տոնոյանը։