1197 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-12 20:21
Քաղաքական խաղադաշտ

«Ամեն ինչ պետք է անել՝ Ալիևի «հագով» գրված Սահմանադրությունը ձախողելու համար». Իշխան Սաղաթելյան

«Ամեն ինչ պետք է անել՝ Ալիևի «հագով» գրված Սահմանադրությունը ձախողելու համար». Իշխան Սաղաթելյան

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը անդրադարձել է ընդդիմադիր ուժերի հնարավոր համախմբմանը, իշխանափոխության ճանապարհներին և առաջիկայում սպասվող քաղաքական գործընթացներին։

Սաղաթելյանը հայտնել է, որ խոսակցություններ և քննարկումներ ընթանում են Սամվել Կարապետյանի և «Հայաստան» դաշինքի հետ, սակայն այս պահին չի ցանկանում մանրամասներ ներկայացնել։

«Քննարկումներ կան, խոսակցություններ կան, և կարծում եմ՝ առաջիկայում դրանք կշարունակվեն»,– ասել է Սաղաթելյանը։

Լրագրողի հարցին՝ իշխանափոխության դեպքում ընդդիմությունը նախընտրելու է փողոցային պայքա՞ր, թե՞ խորհրդարանական ճանապարհով անվստահության գործընթաց, Սաղաթելյանը պատասխանել է, որ այս երկու ուղղությունները, իր գնահատմամբ, պետք է համատեղվեն։

«Առանց փողոցի հնարավոր չէ անվստահության հասնել, և հակառակը։ Մենք առաջին օրվանից ասել ենք՝ փողոց և խորհրդարան պետք է լինի համատեղ, որովհետև դա է հաջողության հասնելու ճանապարհը»,– նշել է նա։

Սաղաթելյանը հակադարձել է Սոնա Ղազարյանի այն պնդմանը, թե ընդդիմությունը նախկինում փողոցային պայքարի միջոցով իշխանափոխության հասնելու փորձեր է արել, սակայն չի հաջողվել։ Ի պատասխան այդ պնդման՝ Սաղաթելյանը հիշեցնում է 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները և պնդում, որ իշխանությունը տարբեր միջոցներով պայքարել է ընդդիմության դեմ ու իշխանությունը պահել «ատամներով»։

«Ես գետնին ընկած իշխանություն չեմ տեսել։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո հիշում եմ՝ ամսի 10-ին ինչպես Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերի գրեթե բոլոր կուսակցությունների ղեկավարներին ձերբակալեցին։ Ես հիշում եմ, թե ինչ այլանդակ միջոցներով են պայքարել ընդդիմության դեմ»,– ասել է նա։

«Այս իշխանությունը սպառնալիք է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և հայ մարդուն»,– հայտարարել է նա։

Ճեպազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի պատգամավոր Նարեկ Կարապետյանի հայտարարություններին։

Սաղաթելյանը նշել է, որ տարբեր քաղաքական ուժերի միջև դիրքորոշումների տարբերությունը բնական է։

«Շատ նորմալ է, որ ուժերը ունեն տարբեր տեսակետներ։ Մենք հարգանքով ենք վերաբերվում այդ տեսակետին»,– ասել է նա։

Մարգարիտա Հարությունյան