2027 թվականին կենսաթոշակների բարձրացման համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ նախատեսված չեն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ 2027 թվականի համար նախատեսված եկամուտների և բյուջեի դեֆիցիտի պայմաններում բոլոր ֆինանսական միջոցներն արդեն հաշվարկված են։
Անդրադառնալով թաղման նպաստի գումարը կենսաթոշակների բարձրացմանն ուղղելու նախկին որոշմանը՝ նախարարը նշել է, որ դրա վերաբերյալ հնչած մտահոգություններից հետո Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որոշել է այս փուլում չընդունել այդ որոշումը։
«Մենք հայտարարել էինք, որ այդ թաղման նպաստի փողը ուղղելու ենք թոշակների բարձրացմանը, բայց քանի որ մտահոգություններ հնչեցին, և նախարարությունը որոշեց, որ այդ որոշումը հիմա պետք չէ ընդունել, հետևաբար, այդ միջոցները չեն ուղղվի այդ նպատակին»,- ասել է Հովհաննիսյանը։
Նա նաև ընդգծել է, որ կենսաթոշակների բարձրացման համար այլ լրացուցիչ միջոցներ չկան։