2883 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-08 22:23
Քաղաքական խաղադաշտ

Բացարձակ մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանին ձայն չի տվել. Էլինար Վարդանյան

Բացարձակ մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանին ձայն չի տվել. Էլինար Վարդանյան

Բացարձակ մեծամասնությունը ձայն չի տվել Փաշինյանին։ Եկեք այս կարևոր հանգամանքը ֆիքսենք ։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Էլինար Վարդանյանն՝ անդրադառնալով ընտրությունների արդյունքներին, իշխանափոխության մեխանիզմներին և ընդդիմության հետագա քայլերին։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր է ընտրությունների միջոցով փոփոխություններ անել, Վարդանյանը նշեց, որ առկա իրավիճակում գործող իշխանություններից ազատվելու և երկիրը սպառնացող ռիսկերից հեռացնելու համար անհրաժեշտ է կիրառել ցանկացած գործիք և մեխանիզմ։

«Պետք է ֆիքսենք, որ այս ընտրությունները միակ ճանապարհը չէին, և կան այլ ճանապարհներ։ Եթե կստացվեր դա ընտրությունների միջոցով՝ կլիներ ընտրությունը, կստացվի այլ սահմանադրական ճանապարհներով՝ պետք է ընտրել այլ սահմանադրական ճանապարհները։ Ուստի պետք է օգտագործվեն բոլոր սահմանադրական ուղիները սպառնալիքները կանխելու համար»,- հայտարարեց նա։

Վարդանյանը միևնույն ժամանակ սխալ համարեց ընտրական գործընթացները լիովին մերժելու կոչերը։

«Ասել, թե գիտեք՝ մենք ժողովրդավարական երկիր չենք, եկեք ընդհանրապես մերժենք բոլոր ժողովրդավարական գործընթացները, չմասնակցենք ընտրություններին ու փորձենք նոր հեծանիվ հորինել՝ այդպես չի լինում։ Սա պետք է դիտարկել որպես քայլերից ու փուլերից մեկը»,- ասաց նա։

Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է փողոցային պայքար սկսել, Էլինար Վարդանյանը պատասխանեց.«Ես կառաջարկեմ այդ հարցը կրկնեք մի որոշ ժամանակ հետո, երբ մենք կունենանք վերջնական արդյունքները։ Մենք ինքներս էլ պետք է քննարկենք, թե ինչպիսի քայլեր պետք է հաջորդեն և ինչ ժամկետներում»։

Նա հավելեց, որ անճշտությունների ճշգրտման իրավական ճանապարհով գնալու համար հստակ ժամկետներ նախատեսված չեն, և դրանք պետք է իրականացվեն հնարավորինս արագ։ Իսկ վերահաշվարկների դիմումներ ներկայացնելու համար կան հստակ սահմանված ժամկետներ։ 

«Այս պրոցեսները կընթանան Ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետների շրջանակներում, որից հետո, բնականաբար, մենք էլ կորոշենք մեր քայլերի հաջորդականությունը»,- ասաց Վարդանյանը։

Հարցին, թե արդյոք չի զղջում «Հայաստան» դաշինքից դուրս գալու և ԲՀԿ-ին միանալու համար, քանի որ կուսակցությունը, ըստ նախնական տվյալների, չի անցնում խորհրդարան, Էլինար Վարդանյանն արձագանքեց. «Ես մեկ անգամ ևս պետք է կրկնեմ, որ այստեղ կարևորը նպատակն էր և այն հանգամանքը, որ մենք պայքարում էինք մեկ ճակատով։ Եթե դուք կարծում եք, որ ես այն մարդկանցից եմ, ով մանդատի համար կարող է ափսոսալ կամ մանդատի համար կարող է կռիվ տալ, ուրեմն ինձ լավ չեք ճանաչում»։