Ես ո՛չ շոկահարված եմ, ո՛չ զարմացած, ո՛չ էլ ինձ համար անակնկալ էր այս ամենը: Ինձ համար ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանը ընտրություններով իշխանություն չի տալու,– «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում, այս մասին հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, հանրային գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով ընտրությունների արդյունքներն ու դրանից հետո սկսված քաղաքական իրարանցումը։
Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ՝ այս ընտրություններում կիրառված ընտրակեղծիքների և ճնշումների ծավալն աննախադեպ է Հայաստանի անկախության ողջ պատմության մեջ։
«Այն, ինչ ես տեսնում եմ, աննախադեպ է՝ սկսած քարոզչության փուլից, ընդդիմադիրների ու վստահված անձանց նկատմամբ ճնշումներից: Բայց ես դրանից էլ զարմացած չեմ: Նիկոլ Փաշինյանը ընտրությունների օրինականությանը «պեչատ» խփող միջազգային կենտրոններից նախապես դաբրոն ստացել էր՝ ամեն ինչ անելու և արդյունքում Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, Կայա Կալասի, Թրամփի ու մյուսների վերդիկտը ստանալու համար, թե ընտրություններն անցել են ազատ ու արդար»,- ասաց նա:
Անդրադառնալով դաշտում ընթացող՝ «մանդատները վերցնե՞լ, թե՞ չվերցնել» խոսակցություններին, Զոհրաբյանը վստահություն հայտնեց, որ ընդդիմությունը վերցնելու է դրանք: Նա կոչ արեց քաղաքական ուժերին՝ հասարակությանը չհիմարացնել արդարացումներով։
«Իրենց մանդատ վերցնելուց կամ չվերցնելուց այլևս ոչինչ չի փոխվելու: Բայց պետք չէ հասարակությանը վիրավորել ու տեքստեր ասել, թե՝ վերցնում ենք, որ գլխավոր դատախազ չնշանակի, կամ հրաժարվում ենք աշխատավարձից, գործուղման չենք մեկնում և այլն: Սիրելինե՛րս, ժողովուրդը ձեզ մանդատ չի տվել, որ ձեր զոհողությունը լինի Ալեն Սիմոնյանի կամ Ռուբեն Ռուբինյանի հետ գործուղման չմեկնելը»,- ասաց նա:
ԱԺ նախկին պատգամավորը կանխատեսում է, որ խորհրդարանում կրկնվելու է նախորդ տարիների պատկերը, միայն թե շատ ավելի վատ դրսևորումներով։
«2021 թվականի ընտրություններից հետո 5 տարի գնացին խորհրդարան, իրար վրա շիշ նետեցին ու անցան: Նույնն է լինելու: Իրենք ոչ մի հակապետական օրենք ու ազգակործան ծրագիր չեն կարողացել և չեն կարողանալու կանխել»,- ասաց Զոհրաբյանը