«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ ԱԺ նախկին պատգամավոր, հանրային գործիչ Նաիրա Զոհրաբյանը Էդգար Ղազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը քաղաքական է համարում։
«Աբսուրդային դատ է»,– ասել է Զոհրաբյանը՝ նշելով, որ, իր կարծիքով, գործը կապված է խոսքի իրավունքի սահմանափակման հետ։
Նա հիշեցրել է Էդգար Ղազարյանի՝ Սահմանադրական դատարանի անդամների վերաբերյալ հնչեցրած ձևակերպումները և դրանք համեմատել իշխանության ներկայացուցիչների նախկին հայտարարությունների հետ։
«Ո՞վ այսօր պետք է դատարանում դատվեր Էդգար Ղազարյանը, թե՞ այն մարդիկ, ովքեր օգտագործել են՝ «կզցնելու եմ», «սատկացնելու եմ», «լեզու կտրելու եմ», «ականջ կտրել» և այլն»,– ասել է Նաիրա Զոհրաբյանը։
«Եթե այս իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանի նման քաղաքական գործիչը չլինի խորհրդարանում, որպեսզի իրենք իրենց առավելագույնս կոմֆորտ զգան, մենք ամեն ինչ պիտի անենք, որ դա ուղղակի տեղի չունենա»,– ասել է նա։
Զոհրաբյանը նաև նշել է, որ առանձնապես հիացած չէ գործող խորհրդարանով և շարունակում է պնդել, որ «այս խորհրդարանով Նիկոլ Փաշինյանը չի հեռանալու»։