ԱԺ-ում լրագրողները Էդգար Ղազարյանից հետաքրքրվել են երեկվա միջադեպից հետո նրա և Նարեկ Կարապետյանի հարաբերությունների վերաբերյալ։
Լրագրողները հարցրել են՝ արդյոք Ղազարյանը վիրավորված է իր խմբակցությունից, քանի որ, ըստ տարածված քննադատությունների, նրան չեն պաշտպանել։
Ղազարյանը նշել է, որ նման քննադատությունն անհիմն է։
«Ես նման քննադատությունն անտեղի եմ համարում։ Ես մեր խմբակցության գործընկերների հետ ունեմ փոխըմբռնման, ընդհանուր շատ լավ մթնոլորտ։ Ամեն մի ելույթ, ամեն մի հարցադրում, ամեն մի քննարկում չի կարող դառնալ մեծ իրադարձություն»,- ասել է նա։
Լրագրողները նաև հետաքրքրվել են՝ արդյոք քննարկվել է նրա՝ խմբակցությունից դուրս գալու և անկախ պատգամավոր դառնալու հարցը։
«Ես «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր եմ և շարունակել եմ իմ գործը»,- պատասխանել է Ղազարյանը։
Նա նաև անդրադարձել է ԱԺ-ում իր տեղի փոփոխությանը՝ նշելով, որ դա տեխնիկական և կազմակերպական հարց է, որը քննարկվել էր դեռ ավելի վաղ։
Լրագրողները Ղազարյանին հարցրել են նաև՝ պատրաստվո՞ւմ է արդյոք ներողություն խնդրել իր նախօրեի հայտարարության համար, քանի որ նման պահանջ հնչել է իշխանական պատգամավորների կողմից։
«Էստեղ իշխանության պատգամավորների պահանջներն ու խնդրանքները չեմ կատարում»,- կարճ պատասխանել է Ղազարյանը։