ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն անդրադարձել է խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին, պատգամավորների պարգևավճարների վերադարձի և Ռուբեն Ռուբինյանի վարքագծի վերաբերյալ հարցերին։
Խոսելով պատգամավորների կողմից ստացված պարգևավճարների մասին՝ Ղազարյանը նշել է, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները դրանք անձնական նպատակներով չեն օգտագործել։
«Առաջին պարգևավճարը, որ ստացել ենք, մենք անձնական նպատակներով չենք ստացել»,– ասել է նա։
Հարցին՝ արդյոք խմբակցությունը պատրաստվում է կրկին հայտարարել պարգևավճարներից հրաժարվելու մասին, Ղազարյանը պատասխանել է, որ նման հայտարարություն խմբակցության ղեկավարն արդեն արել է։
Անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին՝ Ղազարյանը նշել է, որ, իր կարծիքով, դրա վերաբերյալ դիմում կներկայացվի նաև համապատասխան հանձնաժողով։
«Կարծում եմ՝ դիմում կլինի։ Ես ինքս Ռուբինյանի մասով կներկայացնեմ»,– ասել է նա։
Ղազարյանը քննադատել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի վարքագիծը՝ նշելով, որ վերջինս, իր գնահատմամբ, նիստերը պետք է վարի ավելի հանգիստ և հավասարակշռված։
«Էս ամբողջի պրոբլեմը Ռուբինյանի պահվածքն է։ Եթե ինքը նորմալ, հավասարակշռված, հանգիստ, ոնց որ Ազգային ժողովի նախագահ պիտի նիստ վարի, էդքան լարվածություն չէր լինի»,– ասել է Ղազարյանը։