1398 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-14 18:13
Քաղաքական խաղադաշտ

Իշխանությունը վախենում է նոր ընտրություններից, որովհետև իրենց խախտումները հազարապատիկ ավելի մեծ են․ Ավետիք Չալաբյան

Մենք տեսել ենք մեր 21-րդ դարի պատմության մեջ ամենախայտառակ ընտրությունները՝ հսկայական քանակությամբ խախտումներով, բռնաճնշումներով ու մասսայական ընտրակաշառքներով։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց ընթացող ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Ավետիք Չալաբյանը։

Չալաբյանը հիշեցրեց, որ իրենց քաղաքական ուժն արդեն դիմել է ԿԸՀ՝ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով, և ներկայացված ապացույցների ծավալը ցանկացած ժողովրդավարական երկրում բավարար կլիներ արդյունքները երեք անգամ չեղարկելու համար։

Ավետիք Չալաբյանի խոսքով՝ իշխանության կողմից մասսայական ընտրակաշառքներ են բաժանվել բոլորի աչքի առաջ, որոնցից ամենաակնառունը վարորդների տուգանքների ու իրավունքների վերականգնման գործընթացն էր։

«Դա պաշտոնական դիրքի չարաշահման բացահայտ դեպք է, որի համար օրենսդրությամբ պատիժ է նախատեսված։ Բնականաբար, այդ պատիժը գործողների կողմից ոչ մեկ չի ստանալու, բայց մենք ակնկալում ենք, որ այս քվեարկությունը պետք է ամբողջությամբ չեղարկվի և նոր քվեարկություն նշանակվի»,- ասաց նա։

Անդրադառնալով իշխանական թևից հնչող այն հայտարարություններին, թե ընտրություններում ընտրակաշառքներ են եղել՝ Չալաբյանը նշեց, որ եթե իշխանությունն ինքն էլ է դրանում համոզված, ապա դա հավելյալ պատճառ է քվեարկությունը չեղարկելու և նոր ընտրությունների գնալու համար։ Սակայն նա շեշտեց, որ նոր ընտրությունները չպետք է կրկնեն նախորդի ձևը, այլապես նույն խայտառակ արդյունքն է լինելու. երկրում պետք է վերականգնվի իրավակարգը։

«Այն, որ 177 անձի մեղադրանք է առաջադրվել, դեռ չի նշանակում, որ նրանք մեղավոր են։ Մեր երկրում գործում է անմեղության կանխավարկածը, և ես պրակտիկորեն համոզված եմ, որ այդ մարդկանց չնչին մասն է, որ ի վերջո մեղավոր կճանաչվի։ Ես դատապարտում եմ ցանկացած ընտրակաշառք՝ թե՛ առաջարկողին, թե՛ ստացողին»,- ասաց նա։

Չալաբյանը կոչ արեց սպասել դատական քննություններին, քանի որ անցյալում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ձայնագրությունները եղել են մոնտաժված կամ կեղծված, ինչը տեղի է ունեցել նաև իր հետ։

Հարցին, թե ինչպես է ընդդիմությունը պատրաստվում նոր ընտրությունների գնալ մի իշխանության հետ, որը «գործեր է սարքում» իրենց դեմ, Չալաբյանը պարզաբանեց, որ այլ ընտրություն չկա, սակայն կրկնակի ընտրությունների պարագայում իրավիճակն այլ է լինելու։

«Մենք ուրիշ իշխանություն չունենք։ Բայց եթե երկրորդ անգամ գնանք ընտրությունների, այս իշխանությունն արդեն ֆունդամենտալ կերպով վարկաբեկված ու հեղինակազրկված է լինելու։ Նրանք շատ ավելի կաշկանդված են լինելու երկրորդ անգամ։ Շատ իրավապահներ ու պաշտոնյաներ, որոնք առաջին անգամ ապօրինություն են արել ու օժանդակել են իշխանությանը, տեսնելով, որ առաջին անգամը ձախողվեց, երկրորդ անգամ պարզապես կհրաժարվեն ապօրինի հրամաններ կատարելուց»,- նշեց նա։

Անդրադառնալով փողոցային պայքարի հնարավոր գեներացմանը՝ Ավետիք Չալաբյանն ասաց, որ չի ցանկանում խոսել ողջ ընդդիմության անունից, քանի որ այն մեկ միասնական կառույց չէ, այլ բաղկացած է ընտրական շեմը հաղթահարած երեք ուժերից և այլ մասնակիցներից, ուստի հետագա քայլերի որոշումը պետք է լինի միասնական։