Այդ մի քանի տեղամասերում ընտրություններն անվավեր ճանաչելու գործընթացը լրջագույն կասկածի տակ է դնում ամբողջ ընտրական պրոցեսի լեգիտիմությունը։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց ընթացող ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Իվետա Տոնոյանը։
Իվետա Տոնոյանը նշեց, որ ինքը՝ որպես լավատես, ակնկալում է, որ Վահագն Հովակիմյանն ու իր ղեկավարած կառույցը ականջալուր կլինեն իրավաբանական հանրույթի ու ընդդիմության հորդորներին, չեն շեղվի Սահմանադրությունից և կընդունեն ճիշտ որոշում՝ նշանակելով վերաքվեարկություն այն տեղամասերում, որտեղ արդյունքներն անվավեր են ճանաչվել։
«Թեպետ Վարչական դատարանը մերժել էր Բարգավաճ Հայաստան կուսակցության հայցը ԿԸՀ որոշումների հետ կապված, այնուամենայնիվ, դատավորներից պարոն Ավագյանն իր որոշման մեջ հստակ արձանագրել է և առանձին հատուկ կարծիքով մեսիջ հղել, որ ԿԸՀ-ն ստիպված է լինելու կոնկրետ 10/51 ընտրատեղամասում իրականացնել վերաքվեարկություն։ Սա նաև դատական ատյանների գնահատականն է»,- ասաց նա։
Տոնոյանի ձևակերպմամբ՝ երեք ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները պարզապես չեղարկելը կոնկրետ առհամարանք է ընտրողների հանդեպ։
Լրագրողների այն դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը շարունակում է անվանարկել ընդդիմադիր ուժերին, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանին, և սպառնում է, որ այլևս թավիշ չի լինելու, Իվետա Տոնոյանն արձագանքեց. «Այն, որ մենք այդ լեքսիկոնով և այդ հռետորաբանությամբ նրան չենք պատասխանում, դեռևս չի նշանակում, որ չենք կարող։ Սա ընդամենը դաստիարակության և անցած ճանապարհի խնդիր է։ Այնպես որ, մեր արձագանքի կոշտությունը թողնում եմ Նիկոլ Փաշինյանի երևակայությանը»։
Նա նաև հավելեց, որ իրենք ԿԸՀ ներկայացրած դիմումով վիճարկում են ոչ միայն առանձին տեղամասերի հարցը, այլև ընտրական ամբողջ գործընթացի լեգիտիմությունը, ինչի մասին ավելի հանգամանալից կխոսեն հենց հանձնաժողովի նիստի ժամանակ՝ իրենց իրավաբանների ներկայությամբ։
Անդրադառնալով Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը, թե ընդդիմադիր ուժերի միջև կառուցողական քննարկումներ են ընթանում, ԲՀԿ խոսնակը հաստատեց, որ վերջին օրերին բավականին արդյունավետ հանդիպումներ են ունեցել։
«Մենք քննարկումների և կոնսուլտացիաների շարք ենք սկսել ընդդիմադիր մեր գործընկերների հետ։ Քննարկվում են ինչպես ընթացիկ, այնպես էլ հետագա քայլերը։ Այդ արդյունավետ քննարկումների արդյունքներից մեկն էլ հենց այսօրվա համատեղ հավաքն է, քանի որ բոլոր ընդդիմադիր ուժերը կոչ են արել իրենց համակիրներին ներկա գտնվել այստեղ։ Մնացած քայլերի մասին կտեղեկացնենք հաջորդիվ»,- ասաց նա։
Ճշտող հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ն կշարունակի վիճարկել արդյունքները, եթե 4%-անոց անցողիկ շեմը հաղթահարվի, Տոնոյանը պատասխանեց, որ սա սոսկ խորհրդարանում ներկայացված լինելու հարց չէ։
«ԲՀԿ-ի խորհրդարանում լինել-չլինելը փոխում է ամբողջ ընտրությունների արդյունքների համապատկերը։ Բայց կրկնում եմ՝ սա պարզապես 4%-ի խնդիր չէ, սա արդարությունը վերականգնելու հնարավորություն է։ Որևէ մեկը իրավունք չունի զբաղվելու մանդատագողությամբ կամ ձայնագողությամբ և թքած ունենալու քաղաքացու իրավունքի վրա»,- եզրափակեց Իվետա Տոնոյանը։