1221 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-16 13:05
Քաղաքական խաղադաշտ

2021 թվականի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 48.6%-ով․ Վահե Հովհաննիսյան

2021 թվականի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 48.6%-ով․ Վահե Հովհաննիսյան


Վերջին հինգ տարիներից երեքի ընթացքում հարկերի հավաքագրման տարեկան աճը կազմել է ավելի քան 300 միլիարդ դրամ։ Ամեն տարի ունեցել ենք հավելյալ 300 միլիարդ դրամի հարկային եկամուտներ։ Այսպիսի ցուցանիշ Հայաստանում նախկինում երբեք չի գրանցվել։«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Ղազարյանը՝ ներկայացնելով 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը։

Ըստ ֆինանսների նախարարի՝ աշխատավարձի աճին հիմնականում նպաստել են առևտրի, կրթության և մշակող արդյունաբերության ոլորտներում գրանցված ցուցանիշները։ Բարձր աճեր են արձանագրվել նաև գյուղատնտեսության և վարչական ծառայությունների ոլորտներում։

«2021 թվականի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 48.6%-ով, վարձու աշխատողների քանակը՝ 22.4%-ով, իսկ գործազրկության մակարդակը նվազել է 2.7 տոկոսային կետով՝ կազմելով 12.8%»,- ասաց նա։

Նախարարն ընդգծեց, որ 2021 թ. համեմատ սպառողական գներն աճել են համեստ տեմպով՝ 14.8%-ով, ինչը նշանակում է, որ իրական արտահայտությամբ միջին աշխատավարձն աճել է շուրջ 30%-ով։ 2025 թվականին միջին գնաճը գտնվել է թիրախային մակարդակի շուրջ և կազմել 3.3%:

«2025 թվականի բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտները և պետական տուրքերը՝ 2 տրիլիոն 725 միլիարդ դրամ: Արդյունքում՝ հարկեր-ՀՆԱ ցուցանիշը կազմել է 24%՝ 2024 թվականի 23.3%-ի և 2021 թվականի 23%-ի դիմաց»,- ասաց նա։

Նախարարի խոսքով՝ սա վկայում է Հայաստանում բիզնեսով զբաղվելու բարենպաստ միջավայրի մասին։

«Վերջին հինգ տարիների ընթացքում ակտիվ հարկ վճարող կազմակերպությունների թիվն աճել է 49.4%-ով: Խոշոր կազմակերպությունների քանակն աճել է 34%-ով, իսկ միջիններինը՝ 68%-ով։1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի կշիռն ընդհանուր եկամուտներում 2021-ի համեմատ նվազել է շուրջ 3.6 տոկոսային կետով, ինչը նշանակում է, որ բյուջեն այլևս չի ձևավորվում միայն ավանդական խոշոր խաղացողների հաշվին, այլ տեղի է ունեցել տնտեսության դիվերսիֆիկացիա»,- նշեց Հովհաննիսյանը։

Ըստ նախարարի՝ 2025 թվականին կառավարության ծախսային քաղաքականությունը կրել է ռազմավարական բնույթ՝ շեշտադրելով անվտանգային կարողությունների հզորացումը և մարդկային կապիտալում ներդրումները։

«Պետական բյուջեից փաստացի ծախսվել է 3 տրիլիոն 305 միլիարդ դրամ, որից 703 միլիարդ դրամը կազմել են կապիտալ ծախսերը։ 2025 թվականի ծախսերը 2024 թվականի համեմատ ավելին են եղել 350 միլիարդ դրամով։ Ամենամեծ տեսակարար կշիռն ունեցել են Պաշտպանության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարությունների ծրագրերը»,- ասաց նա։

Ֆինանսների նախարարը նշեց, որ հանձնաժողովներում արդեն եղել են մանրամասն քննարկումներ, և գործընկեր նախարարներն օրվա ընթացքում հանդես կգան առանձին ոլորտային հաշվետվություններով ու ելույթներով։