Երեխաների ապագայի ճանապարհին ինչքան խոչընդոտ կա՝ ջարդ ու փշուր անելով վերացնելու եմ, և սա իմ անձնական հանձնառությունն է, որը վարչապետի կարգավիճակի հետ կապ չունի, սա հեղափոխականի հանձնառություն է: «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ վերահաստատելով, որ եկել է հատ-հատ պատասխան տալու ժամանակը:
Նա ընդգծեց, որ 2018 թվականին, երբ ընտրվել է վարչապետ, հայտարարել է, որ բոլորը պետք է շանս ունենան: Ովքեր օգտագործել են այդ շանսը՝ փառք ու պատիվ իրենց, իսկ ովքեր չեն օգտագործել՝ հատուցման ժամը եկել է՝ անկախ մասնագիտությունից, պաշտոնից ու կարգավիճակից: Ըստ Փաշինյանի՝ ժողովուրդը քվեարկել է հենց այդ հատուցումն իրագործելու օգտին, և ինքը չի պատրաստվում նորից ժողովրդին ինչ-որ բացատրություններ տալ:
Նիկոլ Փաշինյանը խիստ անդրադարձ կատարեց ընտրական կեղծիքների թեմային՝ նշելով, որ սա կոնկրետ հեղափոխության թեմա է, երբ տասնյակ հազարավոր մարդիկ գնում և կոնկրետ պատասխան են պահանջում:
«Եթե ընտրակաշառք տված և վերցրած որևէ մեկը հաջորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփման օրը բանտում չլինի, սա հեղափոխության թեմա է: Այդ մարդիկ հաջորդ ընտրությունների ամփոփման օրը պետք է լինեն բանտում, ով ընտրակաշառք տվել կամ վերցրել է»,- հայտարարեց նա:
Փաշինյանն ասաց, որ այսօր տասնյակների նկատմամբ քրեական գործերը կարճվում են կամ պայմանական ժամկետներ են տրվու։
«2021 թվականից հետո ամենամեծ կաշառատուն բռնվել ու արդարացվել է: Ո՞վ է հավատում Հայաստանի Հանրապետությունում, որ ձրի է արդարացվել»,- ասաց նա:
Փաշինյանը հավելեց, որ եթե այդպիսի մարդիկ կան, թող հավաքվեն Ազատության կամ Հանրապետության հրապարակում, կանգնեն ու բացահայտ ասեն, որ հավատում են ընտրակաշառքի գործով այդ անձի ձրի արդարացմանը:
Նա շեշտեց, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել ժողովրդից անկախ կամ մեկ այլ տեղի ենթարկվող իշխանություն, և ժողովրդի իրավունքը պետք է իրացվի միանշանակ:
«Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի կամքից ավելի բարձր իրավունքի աղբյուր գոյություն չունի: Հերի՛ք է այդ սերժաքոչարյանական, չգիտեմ, քրեաօլիգարխիկ իրավունքները բերեն մեր քթի տակ խաղացնեն: Կա ժողովրդի իրավունք, և ժողովրդի իրավունքը պետք է իրացվի միանշանակ»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: