1218 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-25 12:43
Քաղաքական խաղադաշտ

ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ նախագահի թեկնածուի հարցը

ՔՊ նիստում տեղի է ունենալու ԱԺ նախագահի, փոխվարչապետերի և մյուս պաշտոնների թեկնածուների փակ, գաղտնի քվեարկություն, ինչից հետո կլինի հանրային իրազեկում։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով գործադիր մարմնի ձևավորմանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընդհանուր առմամբ փոխվարչապետերի և նախարարների մակարդակով կառավարության կազմում փոփոխություններ չի նախատեսում, սակայն այլ մակարդակներում կադրային փոփոխություններ կլինեն։
«Պատահական չէ, որ հենց այս ժամանակաշրջանում հայտարարություն տարածեցի՝ հրավիրելով աշխարհի 200 լավագույն բուհերի շրջանավարտներին ներառվելու կառավարության կադրային բանկում։ Մենք դեռ ունենք համարյա երկու ամիս ժամանակ կառավարության և նրա ինստիտուտների ձևավորման շուրջ մտածելու։ Ես չեմ բացառում, որ հենց այս փուլում տեղի կունենան նոր նշանակումներ, իմ մտադրությունը նոր մարդկանց բերելն է»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ նման հայտարարություն նախկինում չէր անում, քանի որ փորձը ցույց էր տալիս, որ դա հաջողություն չէր ունենա։ Սակայն այժմ, երբ ներդրվել է կատարողականի հիման վրա վարձատրության համակարգ, պետական աշխատանքը բարձր որակավորում ունեցող մարդկանց համար դառնալու է ավելի գրավիչ։
Նիկոլ Փաշինյանը հայտնեց նաև սպասվող բարեփոխման մասին, որը նախատեսվում է ներդնել հունվարի 1-ից՝ համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակներում։ Ըստ այդմ՝ յուրաքանչյուր հայտարարագրող քաղաքացի հնարավորություն կունենա իր սոցիալական կրեդիտներից նվիրատվություն անել երեք սուբյեկտի՝ լրատվամիջոցի, կուսակցության և հասարակական կազմակերպության։
«Սա շատ կարևոր բարեփոխում է, որովհետև լրատվամիջոցների համար հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի իրենք ուղիղ ֆինանսավորում ստանան իրենց ընթերցողներից, և ընթերցողները քվեարկեն այդպիսով։ Խոսքը շուրջ 70 միլիարդ դրամի սոցիալական կրեդիտների մասին է, որոնցից որոշակի սահմանափակումներով մարդիկ հնարավորություն կունենան ֆինանսավորել այս ոլորտները»,- ասաց նա։
Նախնական շրջանում առաջարկվում է, որ քաղաքացին կարողանա, օրինակ, 1000-ական դրամ նվիրաբերել իր նախընտրած լրատվամիջոցին, կուսակցությանը կամ ՀԿ-ին։ Փաշինյանը շեշտեց, որ համակարգը լինելու է բացառապես կամավոր սկզբունքով։
«Այսպիսով մենք կկարողանանք հասնել նրան, որ Հայաստանում և՛ հասարակական կազմակերպությունները, և՛ լրատվամիջոցները, և՛ կուսակցությունները հասնեն անկախության մաքսիմալ աստիճանի։ Այդ մեխանիզմը ստեղծվում է, և վստահ եղեք, որ մենք ամեն ինչ կանենք, որ համակարգը զարգանա»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։