Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վրաստան կատարած պաշտոնական այցն ավարտելով, Հայաստան է վերադարձել ցամաքային ճանապարհով։\n
Հայաստան–Վրաստան սահմանի Բագրատաշենի անցակետում նա կանգառ է կատարել և ծանոթացել անցակետի ընթացիկ աշխատանքներին։ Այնուհետև նախագահը կանգառ է կատարել Կիրանցում, ծանոթացել Կիրանցի եկեղեցու վերանորոգման աշխատանքներին և զրուցել համայնքի բնակիչների հետ։
Կիրանցում նախագահ Վահագն Խաչատուրյանը պատասխանել է նաև լրատվամիջոցների հարցերին՝ ամփոփելով իր պաշտոնական այցը Վրաստան, ինչպես նաև անդրադառնալով օրակարգային մյուս թեմաներին։