«Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարության արդյունքում ենք հասել այս կետին, և սա լավ կետ է, քանի որ եթե դա չասվեր, մենք մնալու էինք թակարդի ու պատանդի կարգավիճակում և այդպես էլ չէինք հասկանալու, թե ի վերջո մեզ հետ ինչ է կատարվում և ինչու է կատարվում։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր նախկին հայտարարություններին և երկրի արտաքին ու ներքին քաղաքականության վեկտորի փոփոխությանը։
Նա շեշտեց, որ ինքն անձամբ տասնյակ անգամներ է հիշեցրել իր այդ հայտարարության մասին և չի խուսափում դրանից։
«Այդ ամբողջ մոլորությունն այն է, որ մեզ թվացել է, թե Արցախը մերն է, իսկ հիմա կորցնել-չկորցնելու հարցն է, բայց իրականում մենք Հայաստանը կորցնել-չկորցնելու խնդրի առաջ ենք եղել։ Ես հարյուր անգամ այդ թեմայով խոսել եմ»,- նշեց նա։
Փաշինյանն ասաց, որ նախկինում ինքը բազմիցս խոսել է Հայաստանը ոչնչացնելու արտաքին մտադրությունների մասին և համոզված է եղել դրանում, սակայն հենց այդ ժամանակ էլ գիտակցել է համակարգային հիմնական սխալը։
«Հենց այդ ժամանակ ես հասկացա, որ մենք կոնցեպտուալ սխալ ունենք. մենք մտածում ենք, թե հեսա ուրիշ մեկը գալու է մեզ պաշտպանի այդ վտանգից։ Այդտեղ մեր քաղաքական ամբողջ բանաձևերը փոխվեցին, և մենք հասկացանք, որ պետք է այդ հարցերը լուծենք՝ հենվելով Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա։ Այդ վերլուծությունների արդյունքում է ծնվել «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը»,- ասաց Փաշինյանը։
Որպես նոր քաղաքականության գործնական արդյունք՝ նա մատնանշեց վերջին զարգացումները՝ հարց ուղղելով քննադատողներին, թե արդյոք նրանք չեն լսել, որ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է, իսկ սահմանազատման հանձնաժողովների համատեղ կանոնակարգը ստորագրվել, վավերացվել և երկու երկրներում էլ ունի պարտադիր իրավական ուժ։