Կարենը մեղավոր է ճանաչվել դիտավորությամբ Արմենին կյանքից զրկելու համար և դատապարտվել ազատազրկման՝ 15 տարի ժամկետով։ Այս մասին «Իշխանություն» լրատվականը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից: Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։
Քրեական գործը դատարանի վարույթ է ընդունվել 2023 թվականի հունիսի 21-ին։ Մեղադրանքի համաձայն՝ 2023 թվականի հունվարի 8-ին, Կարենը հորեղբոր՝ Արմենի հնչեցրած սեռական բնույթի հայհոյանքների համար, վերջինիս կյանքից զրկելու դիտավորությամբ, նախ կոտրել է հորեղբոր ձախ ձեռքի մատները, ապա տարբեր առարկաներով բազմաթիվ հարվածներ հասցրել գլխին ու մարմնին: Հարվածների արդյունքում՝ Արմենը ստացել է գանգի ոսկրերի բազմաբեկորային կոտրվածքներ, ուղեղանյութի ջնջում և արյունազեղումներ, ինչի հետևանքով էլ Արմենը մահացել է: Կարենը՝ հորեղբորը սպանելուց հետո, որոշել է ամեն գնով թաքցնել սոսկալի հանցագործության հետքերը և կրակայրիչով վառել է այն վերմակը, որի վրա վերջինս անգիտակից ընկած է եղել, սակայն նկատելով, որ կրակը տարածվում է, արագ հանգցրել է այն ու շտապօգնություն կանչել։
Հատկանշական է, որ գործի քննության ընթացքում Կարենի մոտ հայտնաբերվել է 0.42 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, իսկ նրա օրգանիզմում հայտնաբերվել է տետրահիդրոկանաբինոլ:
Կարենը դատարանում հրաժարվել է իր կատարած սպանությանը տրված «առանձնակի դաժանություն» որակումից: Նա նշել է, որ տեսնելով հորեղբոր անշարժանալը՝ կարծել է, թե նա մահացել է, և հետքերը թաքցնելու համար վառել է վերմակը։ Սակայն, իր պնդմամբ, նկատելով, որ հորեղբայրը դեռ կենդանի է, արագ հանգցրել է կրակն ու շտապօգնություն կանչել։ Կարենը նաև նշել է, որ ինքը նախկինում դատապարտված չի եղել, սակայն թաքնվում է ՌԴ հետաքննության մարմիններից:
Քրեական գործի նախաքննության շրջանակում Կարենը խոստովանել և պատմել է, որ հորեղբոր հետ վիճել է հայհոյանքների պատճառով և կատաղության պահին տանը եղած տարբեր առարկաներով այդ թվում՝ բահով և փայտե կտորներով հարվածել է նրան։ Դատաբժշկական փորձաքննությունը, սակայն, հստակ արձանագրել է, որ տուժողի մարմնի այրվածքներն առաջացել են մահվանից հետո, ինչով հերքվել է Կարենի այն պնդումը, թե հորեղբայրը դեռ կենդանի է եղել հրդեհի պահին: Նշենք, որ դատահոգեբուժական փորձաքննությամբ Կարենը ճանաչվել է մեղսունակ. դեպքի պահին նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ, սակայն հասկացել է իր գործողությունների բնույթը:
Ըստ շտապօգնության բուժակի դատարանում տված ցուցմունքի, դեպքի վայր հասնելիս տեսել է Կարենին, ով մահացած հորեղբորն ուսերին դրած աստիճաններով ցած իջեցնելիս է եղել։
Դատարանը հաշվի առնելով Կարենի կատարած հանցագործության բնույթը գտել է, որ Կարենի նկատմամբ պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձևով։
Դատավճիռը կայացվել է 2023 թվականի սեպտեմբերի 28-ին։
Նշենք, որ գործով անցնող անձանց անունները փոխված են։