«Իշխանություն» լրատվականը հայտնել էր, որ Արտաշատում ծեծկռտուք է տեղի ունեցել, որին մասնակցել է «Զվարթնոց» օդանավակայանում ՊԵԿ հերթափոխի պետերից Կարեն Գալստյանը։
«Իշխանությանը» հայտնի դարձավ, որ կռվի մյուս մասնակիցներն են եղել «Մաստեր Մեդ» բժշկական կենտրոնի սեփականատեր Հայրիկ Սարգսյանը, ինչպես նաև աշխատակիցներ Գնել Սարիբեկյանն ու Արտյոմ Սարգսյանը։
Ծեծկռտուքի ընթացքում Գալստյանը մեքենայից հանել է իր անունով հաշվառված չեխական «CZ-P10C» տեսակի ատրճանակը և վախեցրել մյուսներին։ ՆԳՆ-ից մեզ հայտնել էին, որ խուլիգանության հատկանիշներով Արտաշատի համայնքային ոստիկանություն բերման ենթարկվածներ կան։
Սակայն ամենահետաքրքիրը կռվի պատճառն է։
«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ ավտոկայանատեղիի պատմության հետևում թաքնված է «Զվարթնոց» օդանավակայանով շուրջ 25 միլիոն դրամի դեղորայք անցկացնելու ձախողված գործարքը։
Հոկտեմբերի 20-ին Փարիզ–Երևան W67830 չվերթով Հայաստան ժամանած Ուկրաինայի քաղաքացի Նիկողոս Արզումանյանի մոտ հայտնաբերվել է 63 հատ «Օզեմպիկ», 36 հատ «Պրոլիա» և շուրջ 200 հատ «Մունջարո»։ Ապրանքի արժեքը՝ շուրջ 25 միլիոն դրամ։
Դեղորայքը նախատեսված է եղել անցկացնել հենց Կարեն Գալստյանի հերթափոխի ժամանակ։ «Գալստյանը խոստացել է գործը գլուխ բերել, իսկ ամբողջ գործընթացի հովանավորչության մեջ ներգրավված է եղել նաեւ նրա վերադասը՝ ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների, ուղևորների մաքսային սպասարկումների և հսկողության վարչության պետ Հայկ Մելքոնյանը»,-պատմեց մեր աղբյուրը։
Մաքսանենգ ճանապարհով դեղորայքը դուրս բերելու փորձը ձախողվել է, երբ օդանավակայանի ՊԵԿ բաժնի պետ Սենիկ Պողոսյանը տեղեկացել է, որ պատրաստվում են դեղորայք անցկացնել: Վերջինս ստուգել և հայտնաբերել է ապրանքը, ապա պահանջել, որ արձանագրեն։ Գալստյանը փորձել է համոզել, թե 25 միլիոն դրամի դեղորայքի փաստաթղթերը կարգին են, սակայն Պողոսյանը չի հավատացել ու պնդել է, որ ապրանքը արձանագրվի։
Սկսվել է քաշքշուկ ու վիճաբանություն։ Մեր տեղեկություններով՝ Հայկ Մելքոնյանը զանգահարել է Սենիկ Պողոսյանին եւ հայտնել, որ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից ասել են՝ դեղորայքը անցկացնել։ Սակայն վերջինս հրաժարվել է։ Դեղորայքի ստուգմանը ներկա է եղել նաև ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակից Անդրանիկ Մանուկյանը։
Իսկ Արտաշատի ծեծկռտուքը հենց այս ձախողված գործարքի շարունակությունն է։ Դեղորայքի հետևից եկած բժիշկները, ենթադրաբար, նախապես գումար են տվել՝ ապրանքը մաքսային հսկողությունից դուրս թողնելու համար։ Ըստ երևույթին Գալստյանը խոստացել է, որ ամեն ինչ կկազմակերպի, բայց ապրանքը չի կարողացել անցկացնել։ Գումարի ու չկատարված խոստման պատճառով էլ վեճ է սկսվել։ Վեճի կողմերը միաբերան առաջ են քաշել ավտոկայանատեղիի պատմությունը, որպեսզի ծեծկռտուքը չկապվի օդանավակայանում հայտնաբերված դեղորայքի ու հնարավոր մաքսանենգության հետ։
Հիմնավոր կասկածներ կան, որ այս պատմությունը փորձում են կոծկել՝ հաշվի առնելով նաև «Մաստեր Մեդ» բժշկական կենտրոնի շուրջ առկա իշխանական հովանավորչության մասին տեղեկությունները։
«Իշխանություն» լրատվականը հետևողական է լինելու և փորձելու է պարզել՝ որտեղ և ինչպես էին իրացվելու այդ դեղերը, արդյոք դրանք նախատեսված էին բժշկական կենտրոնում օգտագործելու կամ վաճառելու համար, և ինչպես էր կազմակերպվելու դրանց վաճառքը ՝ առողջապահության նախարարության վերահսկողությունից դուրս։
Իսկ Արտաշատում տեղի ունեցած ծեծկռտքի վերաբերյալ Քննչական կոմիտեից «Իշխանություն» լրատվականին հակտնեցին, որ դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել երեք անձի նկատմամբ:
Նրանցից մեկը մեղադրվում է զենքի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով խուլիգանություն կատարելու և ֆիզիկական ներգործության համար, իսկ մյուս երկուսը՝ խմբով խուլիգանություն կատարելու և խմբով ֆիզիկական ներգործության համար։
Երեք անձինք էլ ձերբակալվել են։ Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լիա Սարգսյան