Ունիվերսալ մարդ եմ, բայց հիմա ուզում եմ մի քիչ հանգստանալ։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով իր ապագա պաշտոնավարմանն ու մամուլում շրջանառվող լուրերին։
Սիմոնյանը հերքեց այն խոսակցությունները, թե ինքը թիմի հետ քննարկել է կոնկրետ պաշտոնի տեղափոխվելու կամ կառավարությունում նոր դերակատարում ստանձնելու հարցը։ Նա շնորհակալություն հայտնեց այն քաղաքացիներին, ովքեր իրեն տարբեր պաշտոններ են վերագրում, սակայն շեշտեց, որ այս պահին նման խոսակցություն չկա։
Պատասխանելով հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի հետ ընդհանրապես չի քննարկվել իր հետագա անելիքների հարցը, Ալեն Սիմոնյանը պարզաբանեց, որ քննարկում եղել է, և որոշումը կայացվել է իր իսկ խնդրանքով։
«Մենք քննարկել ենք և որոշել ենք, որ ես՝ իմ խնդրանքով, ուզում եմ մի քիչ հանգստանալ։ Այս ութ տարին ես, չակերտավոր ասած, ավտոմատը ձեռքս առաջնագծին կանգնած եմ եղել։ Կլինի՞ մի քիչ հանգստանամ, մտքերս ու անցած ճանապարհս իմի բերեմ, և հետո միասին կորոշենք։ Որևիցե նեղվածություն, որևիցե չասված բան մեր մեջ գոյություն չունի և չի կարող լինել»,- ասաց նա։
Սիմոնյանը հավելեց՝ եթե վարչապետն ասի, որ մոտակա մեկ տարին որևէ բանով պետք չէ զբաղվել, ինքը դա կընդունի ի գիտություն, քանի որ իրեն չի տարանջատում ո՛չ Նիկոլ Փաշինյանից, ո՛չ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և ո՛չ էլ վարչությունից։
Իրեն որակելով որպես «ունիվերսալ մարդ»՝ Սիմոնյանը նշեց, որ իր քաղաքական ճանապարհը, փորձն ու գիտելիքները կարող են օգտագործվել գրեթե բոլոր ոլորտներում, բացառությամբ մի քանի խորը մասնագիտական ուղղությունների։
«Մեր քաղաքական պատմության մեջ շատ այդպիսի դեպքեր ունենք։ Ինչ-որ պաշտոնյաներ Նիկոլ Փաշինյանի շողքը տեսնում են ու մտածում՝ իրենք այդ շողքի պես մեծ են։ Ես կայացած քաղաքական գործիչ եմ, ունեմ իմ կշիռը, բայց ես քաղաքական գործիչ եմ իմ թիմի հետ միասին»,- ասաց նա։
Որպես նմանօրինակ վարքագծի կոնկրետ օրինակ՝ ԱԺ հեռացող նախագահն առանձնացրեց ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանին, ում հանդեպ, իր խոսքով, բացարձակ անհարգալից վերաբերմունք ունի։
«Մարդ կար, որ օրինակ՝ 2021 թվականի ընտրություններից մի շաբաթ առաջ ինքն ու իր ամբողջ թիմը հրաժարական տվեցին ինչ-որ ակնկալիքներով։ Խոսքը ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանի մասին է, ում բացարձակ անհարգալից եմ վերաբերվում։ Փողոցում էլ հանդիպեմ՝ իրեն իմ այս կարծիքն ասելու եմ»,- հայտարարեց Սիմոնյանը՝ հորդորելով որևէ պաշտոն չսարքել ճակատագրական, քանի որ ինքն ունի սկզբունքներ ու պարկեշտություն, որոնք երբեք չի շրջանցի։