Մենք ունեցել ենք մենակ հեռախոսային խոսակցություն։ Ստացվում է՝ հեռախոսով ես կարողանում եմ բռնությամբ զբաղվե՞լ։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր ուղիղ եթերում հայտարարեց գործարար, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, թե ինքը կնոջ՝ Նատալիա Ռոտենբերգի հանդեպ բռնություն է գործադրել։
Արզաքանցյանը հերքեց իր հասցեին հնչող մեղադրանքները՝ դրանք որակելով անլուրջ ու անհիմն։
«Ես շատ եմ ցավում, որ իմ տիկինը վատ հոսանքի ու չար մարդկանց խոսակցությունների ազդեցությամբ դիմել է ոստիկանություն։ Ես չեմ սիրում, որ իմ կյանքում մութ բաներ են լինում, և ինձ համար կարևոր է իմ հայրենակիցների վերաբերմունքը։ Արզաքանցյանը շատ բարի մարդ է, և բռնություն բառը իր ընտանիքի ու տիկնոջ հետ չի կարող կապվել։ Ես միշտ եղել եմ սիրով ու հարգանքով իմ տիկնոջ հանդեպ»,- ասաց Արզաքանցյանը։
Տիգրան Արզաքանցյանը մանրամասներ ներկայացրեց իրենց համատեղ կյանքի վերջին օրերից՝ փաստելով, որ իրավիճակը կտրուկ փոխվել է ընդամենը երկու օրվա ընթացքում։
«Սեպտեմբերին կդառնար մեր ծանոթության ինը տարին, իսկ օրինական ամուսնական կյանքի՝ ութ տարին։ Ամսի 8-ին մենք շատ լավ նշել ենք այդ օրը Նատալիայի հետ։ Մյուս օրը նա ինձ իր մեքենայով ճանապարհել է մինչև աերոպորտ՝ VIP սրահ, և ես գնացել եմ իմ գործերով։ Ու ընդամենը երկու օր հետո տիկինս, ազդեցության տակ ընկնելով, դիմել է ոստիկանություն»,- պատմեց նա։
Ամփոփելով խոսքը՝ Արզաքանցյանը նշեց, որ բոլոր ընտանիքներում էլ լինում են անախորժություններ, սակայն իրենց պարագայում տարաձայնություններ եղել են միայն ընտրությունների ժամանակ։ Նա հորդորեց ընտանիքներում լինել հանդուրժող և հավելեց, որ սոցցանցերում շրջանառվող խոսակցություններին ուշադրություն չի դարձնում, քանի որ իր հոգին ու սիրտը մաքուր են։