Քաղաքական մակարդակում արտահանման պրոբլեմը կարող ենք արձանագրել, որ լուծված է, հիմա մնում է պրակտիկ մակարդակում դա լուծել։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի երևանյան այցի արդյունքներին։
Փաշինյանը նշեց, որ Եվրոպական միության հանձնաժողովը որոշում է կայացրել հայաստանյան մի շարք ապրանքների նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառելու մասին, ինչը նշանակում է ազատ առևտրի ռեժիմ՝ առանց մաքսատուրքի։
«Այս որոշումը կվերաբերի ընդհանուր առմամբ Հայաստանից պոտենցիալ արտահանումների շուրջ 80%-ին, գյուղատնտեսական նշանակության ապրանքների, պտուղ-բանջարեղենի 99%-ին և ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքների շուրջ 90%-ին։ Սա շատ էական և շրջադարձային պահ է, որովհետև Եվրոպական միության 450 միլիոնանոց շուկան բարձր գնային սեգմենտի և բարձր ստանդարտների շուկա է»,- ասաց նա։
Փաշինյանն ընդգծեց, որ որոշման ամբողջական ուժի մեջ մտնելու համար որոշակի ժամանակ կպահանջվի, քանի որ անդամ երկրները պետք է որոշումներ կայացնեն, իսկ Եվրոպական խորհրդարանը՝ համապատասխան բանաձև ընդունի։ Միևնույն ժամանակ նա հորդորեց հայկական բիզնեսին փոխել մոտեցումները.
«Կներեք, բայց մենք չենք կարող Եվրամիություն դույլով ծիրան տանել, չենք կարող, և սա նորմալ է։ Սա լավ առիթ է, որ մենք մեր սննդի ստանդարտները, որ ունենք թղթի վրա, նաև իրական կյանքում իրականացնենք»,- ասաց Փաշինյանը։
Նա հայտարարեց, որ ստեղծված իրավիճակը հրաշալի առիթ է բարեփոխումների ամբողջ փաթեթը «ռեստարտի» ենթարկելու համար՝ հատկապես այն ոլորտներում, որտեղ նկատվում է դանդաղում կամ լճացում։
Փաշինյանը հանձնարարեց Մհեր Գրիգորյանին և նախարարություններին՝ ժամանակ չկորցնել, ինտենսիվ աշխատել մասնավոր հատվածի հետ, որպեսզի ներկրման ընթացակարգերի, օրենսդրության և լեզվական խոչընդոտների պատճառով արտահանողները խնդիրներ չունենան։