Ժողովուրդը գիտի՝ իր ձայնը կեղծվե՞լ է, թե՞ չի կեղծվել, պետք չէ սուրճի բաժակ շրջել։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընտրությունների արդյունքներին։
«2018 թվականից առաջ տեղի ունեցած բոլոր ընտրությունները՝ 1996-ից սկսած, կեղծվել են, բացառությամբ 1999 թվականի, երբ ժողովուրդը իր կամքն արտահայտելու հնարավորություն ունեցավ։ Չնայած այն ժամանակ էլ «պատերազմի եռագլուխ կուսակցության» ներկայացուցիչները, իհարկե, կեղծել են ընտրությունների արդյունքները»,- ասաց Փաշինյանը։
Հարցի՝ եթե կեղծվել են, ապա ինչո՞ւ քրեական պատասխանատվություն չկա, Փաշինյանն ասաց․ «Ի՞նչ անենք հիմա, գնանք դպրոցների հատակնե՞րը քանդենք, տեսնենք քվեաթերթիկ կգտնե՞նք, թե՞ Սևանա լճի վրա քվեաթերթիկներ են լողում։ Ոնց որ հարցնեք՝ արևը արևելքի՞ց է դուրս գալիս, թե՞ արևմուտքից։ Բա ինչո՞ւ են կեղծարար Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Կարեն Կարապետյանը ազատության մեջ, պետք է ուղղել այդ սխալը»։
Նիկոլ Փաշինյանը վստահություն հայտնեց, որ հանրությունը զգում է սեփական քվեի արժեքը, և որևէ մեկի հայտարարություններն այդտեղ դեր չեն խաղում։
«Ո՛չ իմ, ո՛չ ընդդիմության, ո՛չ էլ որևէ մեկի ասելով չի. ժողովուրդը գիտի՝ իր ձայնը կեղծվե՞լ է, թե՞ չի կեղծվել։ Ժողովուրդը գիտի՝ այս շենքում իր ընտրած մա՞րդն է, թե՞ իր ընտրած մարդը չի։ 2018 թվականից հետո այստեղ միշտ լինելու է միայն ժողովրդի ընտրած մարդը»,- ասաց նա։