Ինձ համար անհասկանալի ու անընդունելի է, որ ընտրակեղծարարին, ընտրակաշառք բաժանողին թույլ ենք տվել մասնակցի համապետական ընտրություններին և ընտրվի պատգամավոր։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով ընտրական գործընթացներին։
«Մենք այսօր թույլ ենք տվել, որ մի մարդ, որը հայտարարում է, որ ինքն ուրախ է կամ ուզում է, որ հայ զինվորը ականի վրա պայթի, այդ մարդուն ոչ միայն գրանցել ենք պատգամավորի թեկնածու, այլև բերում ենք խորհրդարան։ Չեմ կարծում, որ սա է ժողովրդավարությունը։ Մի ուրիշ երկիր գնացեք, օրինակ՝ Նորվեգիա, և ասեք՝ մեկն ընտրակաշառք բաժանի ու հետո թույլ տան մասնակցել ընտրություններին»,- ասաց նա։
Ստեղծված իրավիճակը փոխելու համար պատգամավորը օրենսդրական առաջարկ արեց, որը վերաբերում է ընտրական խախտումներ թույլ տված քաղաքական ուժերի ղեկավար կազմին։
«Այն քաղաքական ուժը, որը ընտրակաշառք է բաժանում, նրա համամասնական ցուցակի առաջին 30 կամ 50 համարները պետք է ընդհանրապես զրկվեն քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքից»,- ասաց Նազարյանը։
Նա նաև հայտնեց, որ իր հնչեցրած տեսակետների պատճառով սոցիալական հարթակներում թիրախավորվել է։
«Իրենք ագրեսիվ են։ Երեկ, օրինակ, Facebook-ում հարձակվել էին իմ վրա, ասում էին՝ դատարանով հաստատված չէ, որ մենք ընտրակաշառք ենք բաժանել, դրա համար դու իրավունք չունես մեզ մեղադրելու։ Իրենք ագրեսիվ են, ընկերներ, հարձակվել են ու շարունակելու են հարձակվել»,- նշեց նա։