7398 դիտում, 3 ամիս առաջ - 2026-06-19 12:32
Քաղաքական խաղադաշտ

Ընտրակաշառք բաժանող մի ուժ կա և դա Նիկոլ Փաշինյանի ուժն է․ Քրիստինե Վարդանյան

Ընտրակաշառք բաժանող մի ուժ կա և դա Նիկոլ Փաշինյանի ուժն է․ Քրիստինե Վարդանյան


Մենք հինգ տարի, երբեմն նաև միայնակ, այս իշխանությունների հետ պայքարում մնալով՝ հարվածներ ենք հասցրել, նաև հարվածներ ենք ստացել։ Մաշեցրել ենք, նաև մաշվել ենք, դա մեզ համար գաղտնիք չէ։ Մենք չենք վախեցել սպիտակ վերնաշապիկները կեղտոտելուց կամ հարված ստանալուց։ Բնական է, որ այս իրավիճակում նոր ի հայտ եկած ուժը, ով ունի նաև ռեսուրսներ, կարող է նոր առաջարկներով հանդես գալու դեպքում ունենալ ավելի շատ ձայներ, դա ոչինչ չի որոշում։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարեց ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով նրան, որ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը կես տարի գործունեության արդյունքում ավելի ատ ձայն հավաքեց քան՝ «Հայաստան» դաշինքը։

Պատգամավորը հավելեց, որ պատմության ընթացքում եղել են ուժեր, որոնք երեք անգամ ավելի շատ ձայն են հավաքել, բայց այսօր դրանց հետքն անգամ չկա։

«Այս պայմաններում մենք հակառակ հարցը պիտի տանք՝ բա ո՞նց այդ ուժը, որ այս հինգ տարվա մաշեցման պայքարում կարողացավ դիմանալ, 150,000 ձայն ստացավ այն պարագայում, երբ հայտնվեցին բազմաթիվ այլընտրանքներ։ 2026-ի մեր ստացած քվեները գաղափարական վստահության քվեներ են, ինչը մեզ համար հարստություն է»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե 2021 թվականի համեմատ դաշինքի քվեները պակասել են, և արդյո՞ք դա ձեռքբերում է համարվում, պատգամավորը պարզաբանեց, որ 2021-ին իրենք խոշոր հաշվով եղել են միակ այլընտրանքը։

«Եթե դուք ինձ հարցնում եք՝ տխո՞ւր եմ, որ միակ ուժը չենք այլևս, և կա ընտրություն ընդդիմադիր դաշտում, որը թույլ է տվել ավելացնել ընդդիմադիր դաշտի քվեները 200,000-ով, այդ թվում՝ նաև մեզնից քվեներ պակասեցնելու հաշվին՝ ո՛չ, ուրախ եմ։ Թող մեր քվեները թեկուզ պակաս լինեն, բայց ընդդիմադիր դաշտի ընդհանուր քվեները և աջակցությունը ավելի շատ լինի։ Ես ուրախ եմ «Բարգավաճ Հայաստանին» և «Ուժեղ Հայաստանին» տված յուրաքանչյուր քվեի համար, որովհետև այդ քվեները տրվել են հանուն փոփոխության»,- ասաց Վարդանյանը։

Ըստ պատգամավորի՝ կարևորն այն է, որ շուրջ 700,000 մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը, տարածքներ զիջելը, Փաշինյանի օրակարգն ու եկեղեցու վրա արշավը։

Քրիստինե Վարդանյանն անդրադարձավ նաև ընտրակաշառքի գործով Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած տվյալներին և կոչ արեց քաղաքացիներին դիմել դատարան։

«Փաշինյանն ամբիոնից ելույթներով 500,000 մարդու մեղադրել է ընտրակաշառք ստանալու մեջ։ Ես կոչ եմ անում այդ 500,000 մարդուն դատական հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ զրպարտության մեղադրանքով, և պահանջել ֆինանսական փոխհատուցում։ Եթե կա մեկը, որ վարչական ռեսուրս է կիրառել ու պետական միջոցներով ընտրակաշառք է տվել, դա եղել է Նիկոլ Փաշինյանը։ «Իմ քայլը» հիմնադրամն ամբողջ ընտրությունների ընթացքում իրականացրել է բարեգործական ակցիաներ ու բեմադրել «Քարդաշյանների շոուն»»,- ասաց նա։

Պատգամավորի պնդմամբ՝ Փաշինյանն այսպիսի հայտարարություններով փորձում է արդարանալ, քանի որ չի կարողանում բացատրել, թե ինչպես է 700,000 մարդ մերժել իրեն, ինչի արդյունքում ինքը սահմանադրական մեծամասնություն չի ստացել։