1614 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-19 14:16
Քաղաքական խաղադաշտ

Փաշինյանի միակ դժգոհությունն ու խնդիրն այն է, որ մեր ազգը չի բնաջնջվել. Քրիստինե Վարդանյան

Գործող իշխանության ղեկավարի հիստերիկ վարքագիծն ու բռնաճնշումները փաստում են նրա իրական դեմքի բացահայտումն ու վախերը։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Ախուրյանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ Քրիստինե Վարդանյանը։

«Այսօր առավոտյան էլի միջադեպ է գրանցվել, ու այս մարդը, ամեն տեղ, որտեղ զոհվածի, անհետ կորածի կամ գերու հարազատն իր բողոքն է արտահայտում, ասում է՝ բանի տեղ մի դրեք, թրենդ է դարձել։ Հա՛, թրենդ է դարձել, որովհետև դու ամեն բնակավայրում ունես ընտանիք, որի ճակատագիրը խեղել ես։ Հայաստանի ժողովրդավարության պատկերն այն է, որ բողոքող պապիկի բերանը ձեռքով փակում ու հեռացնում են հանրահավաքից։ Նիկոլ Փաշինյանն ուղղակի դժգոհ է, որ իր հրահրած պատերազմում մեր ազգը ամբողջությամբ չի բնաջնջվել. դրա համար էլ հանդիպում է մարդկանց ու ասում՝ դուք ինչու՞ եք ողջ, ինչու՞ մեռած չեք»,- ասաց նա։

Պատգամավորն անդրադարձավ նաև հանրության շրջանում տարածված այն թեզին, թե բոլոր քաղաքական ուժերը նույնն են՝ կոչ անելով չտրվել հիասթափությանը։

«Ժողովուրդ ջան, բոլորը նույնը չեն, մենք այսպիսի հրեշավոր կերպար ազգի մեջ չունենք, ուր մնաց քաղաքական դաշտում։ Մենք հերոսների վրա մունաթ եկող կամ անհետ կորածի քրոջը ձեռքից քաշքշող ուրիշ ոչ ոք չունենք։ Ուրեմն ձեր ընտրությունը այս պարտության, ամոթի ու հիստերիայի մարմնացման և մյուս կողմից՝ կայունության, հանդարտության ու ուժեղ բանակցողի միջև է»,- շեշտեց Քրիստինե Վարդանյանը։

Խոսելով քաղաքացիների նկատմամբ կիրառվող ճնշումների մասին՝ Վարդանյանը նշեց, որ դրանց պատասխան տալու լավագույն վայրը ընտրատեղամասն է։