Ուղիղ ութ տարի առաջ հենց այս օրը մեզ խոստացան դրախտային երկիր, բայց առաջնորդեցին դեպի դժոխքի դռները։ Մեզ խոստացան թռիչքային տնտեսություն, բայց բերեցին թռիչքային թանկացումներ և կրկնապատկված պետական պարտք: «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ, այս մասին այսօր «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Այս իշխանությունները մեզ խոստացան ժողովրդավարություն, բայց բերեցին բիրտ ուժ, փշալարեր և քաղբանտարկյալներ։ Խոստացան խաղաղություն, բայց բերեցին արյունալի պատերազմ, հազարավոր զոհեր և կորուստներ։ Խոստացան ինքնիշխանություն, բայց Հայաստանը դարձրեցին աշխարհաքաղաքական մուրացկան, որի ճակատագիրը որոշում են բոլորը, բացի իրենից։ Խոստացան միասնություն, բայց բերեցին ատելություն, հասարակությունը բաժանեցին սևերի ու սպիտակների, քանդեցին ընտանիքներն ու պառակտեցին եկեղեցին»,- ասաց պատգամավորը: