1089 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-13 18:00
Քաղաքական խաղադաշտ

«Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի անվտանգության բաղադրիչներից մեկն է». Քրիստինե Վարդանյանը՝ ԱԺ ամբիոնից

«Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի անվտանգության բաղադրիչներից մեկն է». Քրիստինե Վարդանյանը՝ ԱԺ ամբիոնից


ԱԺ ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը կոշտ քննադատության է ենթարկել իշխանության արտաքին քաղաքականության մոտեցումները՝ հայտարարելով, որ իր ներկայացրած քաղաքական ուժի դիրքորոշումները «180 աստիճան հակառակ» են իշխանության առաջարկածին։

Վարդանյանի ելույթի առանցքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն էր։ Նա արձագանքել է նախորդ ելույթներից մեկում հնչած տեսակետին, թե Ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս անհրաժեշտ կամ արդյունավետ գործընթաց չէ։

«Էս դահլիճում ընդամենը 10 րոպե առաջ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ամբիոնից հիմնավորվեց, որ Հայաստանին անհրաժեշտ չէ, ավելին՝ վտանգավոր է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։ Ես ուզում եմ սա ուղղակի արձանագրենք»,- ասել է նա։

Վարդանյանը պնդել է, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը միայն պատմական հիշողության կամ արդարության հարց չէ։

«Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը 2026 թվականին ոչ թե պատմական արդարության վերականգնման գործընթաց է, այն առաջին հերթին հարկավոր է ոչ թե Ցեղասպանության զոհերի ժառանգներին, այլ հարկավոր է Հայաստանի Հանրապետությանը։ Այն Հայաստանի Հանրապետության անվտանգային բաղադրիչներից մեկն է»,- հայտարարել է պատգամավորը։

«Այո, ցեղասպանությունների ճանաչումը կանխարգելիչ գործոն է նոր ցեղասպանությունների համար։ Միակը չէ, բայց կանխարգելիչ է։ Ավելի ուղիղ բառով՝ զսպող է»,- ասել է Վարդանյանը։

Նա նշել է, որ միջազգային ճանաչումը չի կարող երաշխավորել, որ ապագայում նման հանցագործություն չի կրկնվի, սակայն կարող է հանդիսանալ լրացուցիչ գործիք։

«Դա կարող է զսպող գործիքներից մեկը լինել, կարող է համագործակցության դաշտ լինել, կարող է պատժելու, եթե հանցագործությունը կրկնվի, արդեն արված աշխատանքը լինել»,- ասել է նա։

Վարդանյանն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ գործող կառույցներին և հայկական կազմակերպություններին՝ նշելով, որ դրանք Հայաստանի պետականությունից անկախ ձևավորված ցանցեր են, որոնք տասնամյակներ շարունակ հետապնդել են այդ նպատակը։

«Ուրուգվայում մի օր արթնացել ու չեն ասել՝ արի ճանաչեմ Հայոց ցեղասպանությունը։ Որովհետև գործել է Հայ դատի ցանց, որը հետապնդել է այդ նպատակը և գործում է անկախ ձեր կամքից»,- նշել է պատգամավորը։

Նա նաև հարց է բարձրացրել՝ ինչու է իշխանությունը, իր գնահատմամբ, թիրախավորում այդ կառույցներին։

«Հիմա էստեղ հարց է առաջանում՝ էդ ցանցի դեմ դուք ինչի՞ եք պայքարում, ինչի՞ եք թիրախավորում։ Ի՞նչ խնդիր ունեք»,- ասել է Վարդանյանը։

Միաժամանակ պատգամավորը ընդգծել է, որ իրենց քաղաքական ուժը Ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի «թիվ մեկ առաջնային օրակարգը» չի համարում։

«Մենք չենք պնդում, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պիտի լինի Հայաստանի թիվ մեկ առաջնային օրակարգ։ Էդպիսի պնդում ոչ ոք չի արել։ Մենք պնդում ենք, որ էս ամբիոնից տենց ելույթներ պիտի չհնչեն»,- հայտարարել է նա։

Վարդանյանը ներկայացրել է նաև արտաքին քաղաքականության վերաբերյալ իրենց մոտեցումը։

Նրա խոսքով՝ Հայաստանի համար անհրաժեշտ է հստակ արձանագրել այն սուբյեկտներին, որոնց քաղաքականությունը սպառնալիք է ներկայացնում Հայաստանի համար։

«Մեր համար Թուրքիայի պետական քաղաքականությունն է, Ադրբեջանի պետական քաղաքականությունն է։ Մենք ուղիղ, առանց որևէ կաշկանդման ասում ենք, որ այլ միջազգային հարաբերությունների սուբյեկտի պետական քաղաքականություն մեր համար սպառնալիք չի ներկայացնում»,- ասել է նա։

Վարդանյանը միաժամանակ հայտարարել է, որ Հայաստանը չունի բավարար ռեսուրս՝ որևէ գերտերության դեմ գործիք դառնալու համար։

«Հայաստանը ռեսուրս չունի որևէ գերտերության դեմ գործիք դառնալու։ Եթե Ռուսաստանը ուզի, որ մենք ԱՄՆ դեմ գործիք դառնանք, մենք դա պիտի չանենք, մենք դրա ռեսուրսը չունենք։ Եթե այլ աշխարհաքաղաքական կենտրոն ուզում է, որ մենք Ռուսաստանի դեմ գործիք դառնանք, մենք դա պիտի չանենք, մենք դրա ռեսուրսը չունենք։ Մեր ռեսուրսները հազիվ կարող են հերիքել մեր սպառնալիքներին դիմագրավելու»,- նշել է պատգամավորը։

Վարդանյանը նաև շեշտել է, որ սպառնալիք ներկայացնող պետության հետ բանակցելը հակասություն չէ։

«Պետք է բանակցել սպառնալիք ներկայացնող պետությունների ներկայացուցիչների հետ։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ բանակցելը մեր համար խնդիր չի եղել»,- ասել է նա։Սակայն, ըստ պատգամավորի, խնդիրը սկսվում է այն ժամանակ, երբ բանակցությունները վերածվում են հակառակ կողմի բոլոր պահանջների հերթական բավարարման։

«Մեզ համար խնդիր է եղել և շարունակում է խնդիր մնալ Թուրքիայի և Ադրբեջանի բոլոր պահանջները բավարարելը հերթով։ Պահանջները բավարարելը բերում է ախորժակի մեծացման»,- հայտարարել է Վարդանյանը։

Նրա խոսքով՝ պատմության մեջ դժվար է գտնել օրինակ, երբ ագրեսորին հնարավոր է եղել զսպել՝ նրա բոլոր պահանջները կատարելով։

«Դուք պատմության մեջ չեք կարող մեզ ցույց տալ դեպք, որտեղ ագրեսորին հնարավոր է եղել զսպել կամ դիմագրավել՝ իր պահանջները կատարելով»,- եզրափակել է Քրիստինե Վարդանյանը։