Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Արսեն Գևորգյանի մահվան դեպքին՝ նշելով, որ ընդդիմության բարձրաձայնած մտահոգությունները ստիպում են առավել զգոն լինել։
«Շատ լավ է, որ ընդդիմությունը այսքան բարձրաձայն խոսում է մահվան դեպքի հետ կապված։ Դա ստիպում է մեզ շատ ավելի զգոն և աչալուրջ լինել և մի քանի անգամ մեր գործողությունները ստուգել»,– ասել է նա։
Գալյանի խոսքով՝ սա տարվա ընթացքում քրեակատարողական հիմնարկներում մահվան չորրորդ դեպքն է, և բոլոր դեպքերի առնչությամբ ուսումնասիրություններ են իրականացվում, քրեական գործեր հարուցվում։
Անդրադառնալով կոնկրետ դեպքին՝ նախարարն ասել է, որ անձի ամբուլատոր քարտում սրտի իշեմիկ խնդրի վերաբերյալ գրառումներ չեն եղել, իսկ դատական նիստերի և քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում նա առողջական գանգատներ չի ներկայացրել։
«Ինքնազգացողությունը վատացել է հենց այդ օրը, հենց այդ ժամին, և րոպեների ընթացքում նրանց մոտեցել է քրեակատարողական ծառայողը, մոտեցել է նաև հերթապահություն իրականացնող, բժշկական սպասարկում իրականացնող անձը»,– նշել է Գալյանը։
Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր նման դեպք ստիպում է վերանայել քրեակատարողական հիմնարկներում բժշկական սպասարկման և պատժի կրման պայմանները՝ պարզելու համար, թե արդյոք դրանք պատշաճ են։