1512 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-13 17:33
Քաղաքական խաղադաշտ

Հերիք է սպառնաք ամբիոնից. Քոչարյանը՝ Ռուբինյանին

Հերիք է սպառնաք ամբիոնից. Քոչարյանը՝ Ռուբինյանին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը արձագանքեց իշխանական պատգամավորների հայտարարություններին՝ կասկածի տակ դնելով՝ իրականում ի՞նչն է եղել նրանց դժգոհության պատճառը։
Քոչարյանը հարց բարձրացրեց՝ խնդիրը վիրավորական բառի՞, թե՞ հնչեցված մեղադրանքի մեջ է։

«Ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն է խնդիրը։ Խնդիրը «սրիկայաբար» բա՞ռն է եղել, թե՞ մնացած մեղադրանքը»,- ասել է նա։

Պատգամավորի խոսքով՝ ընդդիմությունը բազմիցս հայտարարել է, որ պատերազմում ունեցած զոհերի համար քաղաքական պատասխանատվություն է կրում իշխանությունը։

Քոչարյանը հիշեցրել է նաև Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից նախկինում հնչեցրած հայտարարությունը, թե պատերազմը հնարավոր էր ավելի շուտ կանգնեցնել, և այդ դեպքում զոհերի թիվը կարող էր ավելի քիչ լինել։

«Նիկոլ Փաշինյանը էս ամբիոնում նորից, կրկնեմ, կանգնել ասել է՝ կարող էինք պատերազմն ավելի շուտ կանգնեցնել, կունենայինք նույն արդյունքը, ուղղակի զոհերը այդքան չէին լինի»,- ասել է Քոչարյանը։

Քոչարյանը կոշտ զգուշացում հնչեցրեց նաև ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ պահանջելով դադարեցնել ընդդիմության հասցեին, իր բնորոշմամբ, սպառնալիքի տոնով հայտարարությունները։

«Պարոն Ռուբինյան, խնդրում եմ՝ վերևից էդ սպառնալիքները, մեկը ասում է՝ կնստեցնենք, մեկը՝ դուրս կշպրտենք։ Նման բաներին վերջ տվեք, մի շարունակեք էդ տոնով, թե չէ մեր կողմից էլ համապատասխան արձագանք կլինի»,- ասել է Լևոն Քոչարյանը։

Մարգարիտա Հարությունյան