Ջավախահայ գործիչները բաց նամակ են հրապարակել՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների կապակցությամբ․
«Մենք՝ ջավախահայ հասարակական գործիչներս, խոր վրդովմունքով ենք ընդունել ՀՀ իշխանության այն հայտարարությունը, թե որքան ուժեղ է հայկական Սփյուռքը, այնքան ավելի թույլ է Հայաստանը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե իբր Սփյուռքը Հայաստանին հիմնականում օգնություն է ցուցաբերել «պատառոտված և հին հագուստի» տեսքով։
Մենք նման արտահայտությունները համարում ենք վիրավորական, նվաստացուցիչ և անարդար վերաբերմունք հայկական սփյուռքի, այդ թվում՝ ջավախահայերի նկատմամբ, քանի որ Ջավախքում ապրող հայությունը միշտ ապրել է և շարունակում է ապրել Հայաստանում տեղի ունեցող բոլոր գործընթացներով։ Եվ Հայաստանի Հանրապետությունը մեզ համար երբեք օտար երկիր կամ վերացական հասկացություն չի եղել․ այն միշտ եղել է և շարունակում է մնալ բովանդակ հայության Հայրենիքը։
Տասնամյակների ընթացքում ջավախահայերը Հայաստանի Հանրապետությանն ու Արցախին ցուցաբերել են էական նյութական և բարոյական աջակցություն։ Դա ցայտուն է արտահայտվել հատկապես մեր ընդհանուր պատմության ամենածանր և ողբերգական ժամանակաշրջաններում՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժի օրերին և Արցախյան գոյապայքարի բոլոր փուլերում։ Փաստենք, որ ջավախահայ հարյուրավոր երիտասարդներ կամավոր մեկնել են ռազմաճակատ, իսկ շուրջ 230 մեր հայրենակիցներ չեն վերադարձել մարտի դաշտից՝ իրենց կյանքը տալով Հայաստանի Հանրապետության և Արցախի համար։
Պարո՛ն Փաշինյան,
մենք պատրաստ ենք ներկայացնել ցուցաբերված օժանդակությունը փաստող փաստաթղթեր և ցուցակներ։ Սակայն նույնիսկ դրանցում արտացոլված է ընդհանուր աջակցության միայն փոքր մասը, քանի որ օժանդակության ծավալները անկախության շրջանում հաշվվում են միլիոններով։ Եվ այդ փաստաթղթերի մեջ Դուք չեք գտնի որևէ հաստատում Ձեր այն պնդման, թե ջավախահայերը Հայաստանին «պատառոտված» կամ «հին» հագուստ են ուղարկել՝ որպես օգնության հիմնական ձև։ Այսքանից հետո ինչպե՞ս կարելի է Սփյուռքի մասին խոսել որպես մի կողմի, որը Հայաստանին միայն հին կամ անպետք հագուստ է փոխանցել։
Մենք չենք պնդում, որ ամբողջ Սփյուռքը միշտ և ամեն հարցում գործել է միատեսակ։ Սակայն միլիոնավոր սփյուռքահայերի բազմամյա ներդրումն այսկերպ ընդհանրացնելը նշանակում է անհարգալից վերաբերմունք ցուցաբերել այն մարդկանց նկատմամբ, ովքեր ամենածանր պահերին ոչ միայն նյութական օգնություն են ցուցաբերել, այլև տվել են ամենաթանկը՝ իրենց կյանքը։ Առավել ցավալի է նման խոսքեր լսել այսօր, երբ հայկական Սփյուռքը ողջ պատմության ընթացքում եղել է աշխարհի հայերի և պատմական Հայրենիքի միջև ամենակարևոր կապող օղակներից մեկը։
Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին հայկական Սփյուռքը Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը ընկալում էր որպես ՀՀ-ում և նրա սահմաններից դուրս ապրող հայության՝ ողջ հայ ազգի ղեկավարություն՝ անկախ քաղաքական տարաձայնություններից։ Եթե այսօր Դուք Ձեզ հեղինակություն չեք համարում հայկական Սփյուռքի նշանակալի հատվածի շրջանում, դա հարց է, որը Դուք իրավունք ունեք ինքնուրույն լուծելու։ Սակայն դա Ձեզ իրավունք չի վերապահում Հայաստանը հակադրել Սփյուռքին և արհեստական ճեղք ստեղծել Հայաստանի հայերի և Հայաստանից դուրս ապրող հայերի միջև։
Հայաստանն ու Սփյուռքը միմյանց հակադրվող կողմեր չեն։ Մենք մեկ ժողովրդի մասերն ենք։ Մեզ կապում են ընդհանուր պատմությունը, մշակույթը, հիշողությունը, լեզուն, ազգային արժանապատվությունը և ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությունը։
Հատկապես մտահոգիչ է Ձեր վերջին հայտարարություններից Սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչների մոտ ստեղծված այն տպավորությունը, թե Հայաստանի ղեկավարության և Սփյուռքի հարաբերությունները դիտարկվում են ոչ թե որպես բնական ազգային միասնություն, այլ որպես զուտ պաշտոնական քաղաքական կապեր։
Մենք ցանկանում ենք հստակ հայտարարել. Հայաստանը եղել է, կա և միշտ կմնա ամբողջ հայության պատմական Հայրենիքը։ Արցախը եղել է, մնում է և հավերժ կմնա հայոց համազգային պայքարի առանցքն ու արժանապատվության անբաժանելի մասը։ Ոչ մի քաղաքական հայտարարություն չի կարող ջնջել այն մարդկանց հիշատակը, ովքեր իրենց կյանքն են տվել Հայաստանի Հանրապետության և Արցախի համար։ Ոչ մի քաղաքական իրավիճակ և ժամանակավոր քաղաքական շահ չպետք է դառնա հայ ժողովրդի պառակտման պատճառ։ ՀՀ աշխարհիկ ղեկավարությունը՝ անկախ քաղաքական ուժից և զբաղեցրած պաշտոնից, պետք է ոչ թե պառակտի հայերին, այլ միավորի նրանց։
Վերոնշյալի կապակցությամբ մենք խնդրում և պահանջում ենք Ձեզանից հրապարակայնորեն պարզաբանել Ձեր խոսքերը, ընդունել հայկական Սփյուռքի նկատմամբ նման ընդհանրացումների ոչ կոռեկտ և վիրավորական բնույթը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բարձր ամբիոնից ներողություն խնդրել հայկական Սփյուռքից՝ Սփյուռքի՝ Հայաստանին երկար տարիների ցուցաբերած օգնությունը նվաստացուցիչ և վիրավորական կերպով հիմնականում որպես «պատառոտված և հին հագուստի» օգնություն ներկայացնելու համար։ Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը հրաժարվել այնպիսի հռետորաբանությունից, որը Հայաստանը հակադրում է Սփյուռքին։
Սփյուռքը Հայաստանի թշնամին չէ, ջավախահայերը Հայաստանի Հանրապետության համար օտար չեն, նրանք հայ ժողովրդի անբաժանելի մասն են։ Եվ նրանք, ովքեր ամենածանր տարիներին օգնել են Հայաստանին, ովքեր ուղարկել են գումար, սնունդ, դեղորայք և այլ անհրաժեշտ օգնություն, և հատկապես նրանք, ովքեր Հայրենիքի պաշտպանության համար ուղարկել են իրենց որդիներին ու եղբայրներին, արժանի չեն նրան, որ իրենց ներդրումը նման հայտարարություններով նվաստացվի։
Մենք ցանկանում ենք ոչ թե հակամարտություն, այլ հարգանք։ Ոչ թե պառակտում, այլ միասնություն։ Ոչ թե քաղաքական թշնամանք, այլ Հայաստանի Հանրապետության և աշխարհի բոլոր հայերի միջև պատմական կապի պահպանում։ Եվ ոչ ոք իրավունք չունի արհեստական անդունդ ստեղծելու Հայաստանի և հայկական Սփյուռքի միջև։
Ջավախքը հիշում է։ Ջավախքը օգնել է։ Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը»։